ՀՀ ԵՐԿՆԻՇ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ Է ԽՓԵԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ին«Շատ բնական է, որ Հայաստանի տնտեսության պայմաններում դրամը արժեւորվում է. ունեք կապիտալի մեծ ներհոսք, իսկ դա նշանակում է, որ տնտեսությունը լավ վիճակում է»,- այսօր ասաց Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Ջերոն Կրեմերսը:
Քիչ անց նա հակասեց սեփական հայտարարությանը, երբ «Ա1+»-ի խնդրանքով փորձեց պարզաբանել՝ արդյո՞ք տնտեսությունը լավ վիճակում է, եթե արտերկրի կապիտալի ներհոսքի հիմնական մասը՝ 1 մլրդ դոլարից ավելին, հայաստանցիների հարազատներն են ուղարկում, որպեսզի հայաստանցիներն ապրեն: «Իհարկե, եթե կապիտալի ներհոսքի մի մասը մասնավոր տրանսֆերտներն են, դա լավ չէ, նշանակում է՝ տնտեսությունը լավ վիճակում չէ»,- մեր հարցին պատասխանեց նա:
Այնուամենայնիվ, Ջերոն Կրեմերսը տարբեր արտահայտություններով շարունակեց փառաբանել Հայաստանի տնտեսությունը, երկնիշ աճը, վարվող տնտեսական քաղաքականությունը: Եվ եթե եւս 5 տարի Հայաստանում ուշադրություն դարձվեն իր ասած բաղադրիչների զարգացմանն, ապա 5 տարի անց, նրա խոսքով, մեր երկրում զգալի բարելավված սոցիալական իրավիճակ կլինի: Որո՞նք են այդ բաղադրիչները. ներդրումներ կրթության ու ճանապարհաշինության ոլորտում, հարկային-մաքսային մարմիններում եւ ֆինանսական հատվածում բարեփոխումներ, տնտեսական աճի հիմքերի ուժեղացում, եւ վերջապես, իշխանությունը պետք է անի այնպես, որ այդ աճն ազդի բոլորի կենսամակարդակի բարձրացման վրա:
Մեր երկրի գովասանքներից էր նաեւ զբաղվածության մասին Ջերոն Կրեմերսի տեսակետը. «Զբաղվածությունը սկսել է աճել միայն անցյալ տարվանից, եւ դա ընդամենը հիմքն է»: Այդքանից հետո ԱՄՀ տնօրենը Հայաստանին խորհուրդ տվեց՝ արձանագրված տնտեսական հաջողություններից չդառնալ իրենից գոհ երկիր եւ շարունակել աճել: