ԵԹԵՐԱԶՐԿՎԵԼ Է «ԼՈՌԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն երկրորդ օրն է, ինչ եթերազրկվել է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը: Եթերազրկման պատճառները փորձեցինք ճշտել հենց հեռուստաընկերության ղեկավարությունից: «Լոռի» հ/ը նախագահ Արմեն Սախյանը, սակայն, անընդհատ անհասանելի է, իսկ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանն էլ երեկվանից արձակուրդում է:
Նարինե Ավետիսյանը իրենց հեռուստաընկերության եթերազրկումը բացատրեց տեխնիկական խնդիրներով, որոնք, ըստ իրեն, դեռ պարզ չէ, թե երբ կվերացվեն, ուստի պարզ էլ չէ, թե երբ «Լոռի»-ն նորից եթերում կլինի:
Մեր ունեցած տեղեկություններով` խնդիրն իրականում այլ է: Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանը հայտարարության տեքստով տեսաերիզ է բերել «Լոռի» հ/ը, սակայն տեսաերիզի հեռարձակումը ձգձգվել է 1,5 օր եւ արդյունքում տեսանյութը չի ցուցադրվել: Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբում համոզված են, որ այդ ամենն արվել է քաղաքային իշխանության ճնշման հետեւանքով:
Քաղաքային իշխանությունները միայն ճնշումով չեն բավարարվել եւ այցելել են «Լոռի» հ/ը: Այցելության պահին հեռուստաընկերության շենքը շրջապատվել է Վանաձորի քաղաքապետին եւ նրա մերձավորներին պատկանող մի քանի տասնյակ ավտոմեքենաներով: Ըստ մեր նույն աղբյուրի` այցելուներից ոմանք բարձրացել են հեռուստաընկերության տնօրինության մոտ` քաղաքապետի հակառակորդի հայտարարությամբ տեսանյութը չցուցադրելու նպատակով «բանակցելու» համար:
«Բանակցություններն» ավարտվել են նրանով, որ մի առ ժամանակ անց «Լոռի» հ/ը աշխատակիցների ավտոմեքենաները հեռացել են հեռուստաընկերությանը պատկանող տարածքից, իսկ «հյուրերը» մնացել են եւ, ըստ էության, սկսել են վերահսկել հեռուստաընկերության շենքը: Դրանցից հետո միայն անջատվել է «Լոռի» հեռուստաընկերության հաղորդակը: