Եթե նույնիսկ ԵՏՄ-ին էլ չանդամակցեինք, ռուբլու արժեզրկումը կազդեր (տեսանյութ)
Երեք ամիսը բավարար չէ, որպեսզի լուծվեն առաջացող բոլոր խնդիրները կարծում է Ռուսաստանից Հայաստան ժամանած տնտեսագետ Ազա Միհրանյանը՝ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին. «Ժամանակ է անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծելու համար: Գոյություն ունեցող բոլոր խնդիրներն անցումային շրջանի են: Դրանք գոյություն են ունեցել նաև Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համար դեռևս 2010թ-ից, երբ սկսվեցին աշխատանքները: Առաջին վեց ամիսները անցումային են»։ Տնտեսագետը հիշեցրեց, որ շուտով ԵՏՄ բոլոր երկրների բիզնեսմենների ֆորում է տեղի ունենալու, որտեղ կներկայացվեն բոլոր խնդիրները ու կառաջարկվեն լուծումներ։ Ռուսաստանից ժամանած մեկ այլ տնտեսագետ Սվետլանա Գլինկինան նույնպես համոզված է՝ առաջացած խնդիրները հնարավոր չէ մեկ րոպեում լուծել։ Իսկ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսության ծանր վիճակի ազդեցության մասին նա ասաց. «Այսօր շատերը խոսում են ռուսական ռուբլու արժեզրկման և ԵՏՄ տարածքում դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին, բայց անկախ ամեն ինչից, եթե Հայաստանը անգամ չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա ռուբլու փոխարժեքի անկումը կրկին ազդելու էր փոխտնտեսական հարաբերությունների վրա»։