Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐԻՆԱԽԱԽՏՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

Տնտեսություն

«Վիվասել» եւ «Արմավիա» ընկերությունները նախազգուշացվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման մասին,-տեղեկացնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի ծառայությունը:

ՀԱԿԱ-«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՅԱՆ ԳՈՎԱԶԴՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ

Հոկտեմբերին հայաստանյան մի շարք հեռուստաալիքներ եւ ռադիոալիքներ եթեր են հեռարձակել «Ղ-Տելեկոմ» ընկերության կողմից առաջարկվող «Վիվասելլ» GSM քարտերի գովազդային հոլովակներ, որոնք պարունակել են անհարկի համեմատություններ «ԱրմենՏելի» կողմից առաջարկվող համանման քարտերի հետ: Մասնավորապես, ընդգծվել է «Վիվասելի» «093» կոդով քարտերի առավելությունը «ԱրմենՏելի» «091» կոդով քարտերի նկատմամբ: Այս գովազդային հոլովակները պարունակում են անբարեխիղճ մրցակցության տարրեր:

Հանձնաժողովը գտել է, որ հեռարձակված վերոհիշյալ գովազդային հոլովակները կարող են վարկաբեկել «ԱրմենՏելի» գործունեությունը եւ նրա կողմից առաջարկվող բջջային հեռախոսակապի ծառայությունը, առաջացնել մոլորություն տվյալ ծառայության որակի նկատմամբ:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի կողմից համապատասխան գրությամբ «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենին առաջարկել է դադարեցնել վերոհիշյալ գովազդային հոլովակների հեռարձակումը:

«Ղ-տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ գովազդային հոլովակները եթեր չեն հեռարձակվի:

«ՍԻԲԻՐ»-Ի ՏՈՄՍԵՐՆ ԷԼ ԿՎԱՃԱՌԵՆ

Սեպտեմբերի 9-ին «Արմավիա» ավիաընկերությունը իր գործակալներին հայտնել է, որ «Սիբիր» ավիաընկերության հետ գործակալական պայմանագիր կնքելու դեպքում կխզվեն «Արմավիա» ավիաընկերության հետ կնքված գործակալական պայմանագրերը: Հաշվի առնելով, որ նման գործողությունը կարող էր պարունակել մրցակցության սահմանափակման երեւույթ՝ հանձնաժողովի նախագահը համապատասխան գրությամբ «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանից պարզաբանումներ է պահանջել նշված գործողության օրինական հիմքերի, պատճառների եւ նպատակների վերաբերյալ:

Պատասխան գրությամբ Ն. Բելլույանը հայտնել է, որ ավիաընկերության գործակալներին եւս մեկ գրություն է ուղարկել, որով ճշգրտել է իր ասելիքը: Մասնավորապես որ խնդրել է գործակալություններին՝ գովազդային քաղաքականություն իրականացնելիս առաջնահերթությունը տալ «Արմավիա» ավիաընկերության ավիաչվերթերին: Ըստ նույն գրության, «Այն գործակալները, որոնք նաեւ իրացնում են «Սիբիր» ավիաընկերության փոխադրումները, շարունակում են կատարել պայմանագրով արտացոլված իրենց գործառույթները, եւ որեւէ մեկի հետ «Արմավիան» պայմանագիր չի խզել»: