Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵ ԹԱՆԿԱՑԻ՛Ր, ԽՈԶ

Տնտեսություն

"Այբ-Ֆե" շաբաթաթերթի նյութերից

Անշարժ գույքի գրանցման կադաստրի պետական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, ըստ որի, սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 780 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 7.5%-ը: Գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2004թ. սեպտեմբերի համեմատ աճել է 35.2%-ով, իսկ 2005թ. օգոստոսի համեմատ` 0.1%-ով եւ առավելապես իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (43.1%), հասարակական նշանակության օբյեկտների (18.2%), առանձնատների (21.0%) եւ հողերի (11.2%) նկատմամբ: Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 400 գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2004թ. սեպտեմբերի համեմատ աճել է 32.9%-ով, իսկ 2005թ. օգոստոսի համեմատ՝ նվազել 15.6%-ով:

Սա հավանաբար նշանակում է, որ հիփոթեքային վարկավորմամբ գույք գնողների քանակն ավելանում է, ինչը Հանրապետության նախագահի ուղղակի ուշադրության կենտրոնի հարց է : Սեպտեմբերին անհատական բնակելի տների առուվաճառքի 485 գործարք է եղել, այդ թվում, Երեւանում՝ 133, մյուս մարզերում միասին վերցրած՝ 352: 2004թ. սեպտեմբերի համեմատ, այդ գործարքների քանակը աճել է 14.7%-ով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 12.8%-ով: Սեպտեմբերին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 17.5%-ով, իսկ այս տարվա նախորդող ամսվա համեմատ` 9.7%-ով:

Սեպտեմբերին Երեւանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 61.8%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, ինչը նախորդող ամսվա համեմատ 5.4%-ով ավելի է, սակայն անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով:

Գործակալության տարածած հաղորդագրության ամենաուշագրավ կետն այն է, որ սեպտեմբերին արձանագրված այդքան աճերի, այսինքն՝ պահանջարկի մեծացման պայմաններում անշարժ գույքի գնի աճ բացարձակապես չի գրանցվել: Իսկ այսքան թիվ ներկայացրինք պարադոքսը հիմնավորելու համար: Դրան հակառակ, սեպտեմբերից բարձրանում են ցեմենտի, գաջի ու այլ շինանյութերի գները: Սրանով տան բիզնեսով զբաղվով իշխանությունները փորձում են իրենց ապրանքը թանկացնել: Ցեմենտ կամ գաջ արտադրելու հարցում, օրինակ, ոչ մի նոր խոչընդոտ, հարկերի-տուրքերի ավելացում, էլեներգիայի կամ գազի թանկացում չի եղել, սակայն մեկ-երկու ամսում դրանցից արտադրող բոլոր գործարանները համաձայնեցված 20-25 տոկոսով թանկացումներ են արել: Սա հակամրցակցային համաձայնության փայուն դրսեւորում է, ինչպիսի երեւույթների հրապարակման որոշ դեպքերում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թերթի նյութը հիմք է ընդունում եւ վարույթ հարուցում: Հայաստանում շինանյութը կարող է թանկանալ ոչ թե շինարարական տաք սեզոնի ընթացքում, այլ՝ դրանից հետո: Իսկ ներմուծվող շինանյութն, օրինակ, դրամի 100% արժեւորման դեպքում անգամ չի էժանանա 1%-ով:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ