Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՄՈԶԵԼ Է ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Տնտեսություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՊՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենց կառույցը երկար ժամանակ համոզել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որպեսզի կազմակերպությունն սկսի իրականացնել «ներտնային սպասարկում»:

«Երկար ժամանակ մենք պարոն Կարապետյանին համոզեցինք, որ միեւնույն է՝ այդ ընկերությունների պատճառով անընդհատ շահարկվելու է «ՀայՌուսգազարդի» անունը, խորանալու է ձեր բացասական իմիջը, այնպես որ՝ ավելի լավ է, հենց դուք էլ զբաղվեք դրանով»,- համոզածը նիստում կրկնեց ՀԾԿՊՀ նախագահը:

Գազասարքերի եւ խողովակների, միացման կետերի նկատմամբ հսկողությունն ու նորոգումը մինչ այս վստահված էր շուրջ 120 մասնավոր կազմակերպությունների, որոնք, Կարեն Կարապետյանի բնութագրմամբ, աշխատում էին շատ վատ: Տարբեր ֆիրմաների ներկայացուցիչներ մտնում էին բնակարաններ, մեկ տարով սպասարկման պայմանագրեր կնքում բաժանորդների հետ, գանձում գումար ու անհետանում: Դեկտեմբերի 1-ից այդ գործառույթն իրականացնելու իրավունք կունենան միայն «ՀայՌուսգազարդ» ընկերության տարածքային ստորաբաժանումները:

«Մենք հասկանում ենք, որ մտնում ենք ավելորդ բեռան տակ: Կար կարգ, որով պետք է աշխատեին այդ ընկերությունները, եւ կային պետական մարմիններ, որոնք պետք է կանոնակարգեին դրանց գործունեությունը: Մինչ այս հայտնի չէ, թե շուկայում ինչ գին է գործել, ինչպիսի սպասարկում է եղել, սակայն մենք առաջարկում ենք շուկայականից 30-40%-ով էժան ծառայություն, որը կմատուցեն բարձրակարգ մասնագետները»,-այսօրվա նիստում ասաց «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:

«Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրո՞ք ձեզ համոզել է, որ ներտնային սպասարկման մենաշնորհը վերցնեք»,- Ա1+-ի հարցին Կ. Կրապետյանը պատասխանեց՝ «ոչ»: Ծառայության ղեկավար Ռոբերտ Նազարյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ սպասարկման պայմանագրեր կնքելը ամենեւին պարտադիր չէ, այդպե՞ս է,- Կարապետյանի պատասխանը դարձյալ ժխտողական էր: Նա չասաց նաեւ, թե որ պետական մարմիններն էին, որոնք թերացել են ու չեն զբաղվել սպասարկողների գործունեության կանոնակարգմամբ:

Իսկ որքան են այսուհետ բաժանորդները վճարելու, որպեսզի գազի աշխատողները սպասարկեն նրանց բնակարանները: Մեկ գազասպառիչ ունեցողների համար «ՀայՌուսգազարդն» առաջարկել էր 2800, երկու սպառիչ ունեցողներին՝ 6900, երեք եւ ավելի ունեցողներին՝ 8500 դրամ: Հանձնաժողովի հաստատեց համապատասխանաբար 2400, 5700, 6900 դրամ սակագները:

«ՀայՌուսգազարդի» առաջարկների եւ ՀԾԿ հանձնաժողովի որոշման ամենամեծ անհամապատասխանությունը սպասարկման «բիզնեսից» ակնկալվող շահույթի չափի վերաբերյալ էր. 220 մլն-ի փոխարեն հանձնաժողովը որոշեց 18 մլն-ի շահույթ ստանալու հնարավորություն տալ ընկերությանը: