ԳԵՂԸ ԿԱՆԳՆԵԼՈՒ` «ՈՉ» Է ԱՍԵԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Արդարություն» խմբակցության 6 անդամներ՝ Ստեփան Դեմիրճյանը, Ստեփան Զաքարյանը, Վարդան Մկրտչյանը, Գրիգոր Հարությունյանը, Թաթուլ Մանասերյանը եւ Արամ Գասպարի Սարգսյանը, քարոզարշավի նպատակով Արագածոտնի մարզի Թալին քաղաքում էին:
Մինչ քաղաք հասնելը, մի խումբ գյուղացիներ նրանց ոտքերի առաջ հերթական ոչխարը մորթեցին: Թալինի տարածքային կազմակերպության ՀԺԿ-ի քարտուղար Արշակ Կնյազյան ասաց, որ այստեղ պետք է ունենայինք 150-200 մարդ, բայց Աշնակ գյուղում խոչընդոտներ են ստեղծել, իսկ Եղնիկում խոչընդոտներ կային, բայց հաղթահարվել էին. «Նախագահական ընտրությունների ժամանակ այդքան մեծ արգելքներ չկային, որքան հիմա: Մեքենաներին չեն խոչընդոտել, ուղղակի վարորդներն էին ահաբեկված: Բնակչությանը արտաքին խոչընդոտներ չեն եղել, միայն գյուղերում գործող գյուղապետերի միջոցով են արգելում, թե դուրս մի եկեք, այլապես հետագայում կխզվեն հարաբերությունները: Աշխատանքից հեռացման սպառնալիքներ են եղել»:
Թալին քաղաքի Մշակույթի տան շենքի առջեւ հավաքված էին մի քանի հարյուր թալինցիներ: Նրանց կողքին էին անվտանգության աշխատակիցները: Երբ «Արդարություն» խմբակցության անդամները սկսեցին «ոչ» քարոզել հանրությանը, Թալինի ոստիկանապետ Գրիգորյանը փորձեց արգելել նրանց շփվել թալինցիների հետ՝ պատճառաբանելով, որ հասարակական կարգ են խանգարում: ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Երբ գանք եւ հրապարակում մարդ չի լինի, մենք կգնանք. հանդիպում չի լինի»:
Այնուհետեւ հանդիպումը նորմալ հունով ընթացավ:
Թալինում միայն ադամանդի գործարանն է աշխատում: Մարդիկ գլուխները արտագնա աշխատանքով են պահում, իսկ մնացողներն էլ անասնաբուծությամբ: «Մեր ղեկավարները հայտարարում են, որ այսքան աշխատատեղ են բացում: Դրա հակառակը՝ եթե 10 աշխատատեղ են բացում, 15-ը կրճատում են: Ոչ ոք չի աշխատում: Որ Բելգիայից գան, աշխատատեղ բացեն, կմտածե՞ն տեղի բնակչության մասին»,-ասում է Հենրիկ Գեւորգյանը:
Ներկա հավաքվածները պատրաստվում են «ոչ» ասել Սահմանադրական հանրաքվեին: Մի մասը «ոչ» է ասելու, քանի որ ծանոթ չէ փոփոխություններին, մյուս մասը՝ «Երկիրը քանդե, էթա, ոչ ոք պատասխան չտա՞: Անձեռնամխելիությանը դեմ ենք»: Մի քանիսն էլ դեռ կողմնորոշված չէին:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ «ոչ» ասելով, ոչ են ասում անօրինություններին, մեր իշխանությանը: «Այս վարչախմբի հեռացումն է իսկական բարեփոխումը: Եթե հավասար պայմաններ ստեղծվի, ապա Սահմանադրական հանրաքվեն չի անցնի: Միեւնույնն է սրանց հաղթելու ենք»,- ասաց պարոն Դեմիրճյանը: Հանդիպման վերջում Մանուշակ մայրիկը մոտեցավ Ստեփան Դեմիրճյանին եւ ասաց. «Գեղ կանգնի, գերան կկոտրի»: