Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարզեր

Անդրանիկ նիստն է տեղի ունեցել Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանի նորակառույց շենքում: Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սուքիասյանը, որը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, բողոքարկել է թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ ՏԻՄ ընտրություններում Գյումրի համայնքի ղեկավար ընտրելու մասին:

Հայցվորը իր հայցադիմումով գտնում է, որ 2005 թվականի հոկտեմբերի 23-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա: Ըստ պարոն Սուքիասյանի, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը նախընտրական քարոզչությունն իրականացրել է Ընտրական օրենսգրքի՝ «քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, ՏԻՄ-ի ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումների մասին» հոդվածի խախտմամբ:

Հայեցադիմումի մեջ պարոն Սուքիասյանը նշել է , որ քաղաքապետարանի աշխատակիցները նախընտրական քարոզչությունն իրականացրել են պաշտոնական պարտականությունները կատարելիս, օգտագործել են ծառայական պարտականությունների իրականացման համար տրամադրված ավտոտրանսպորտային միջոցները, տեղամասային ընտրական հանձնաժողովի մի շարք նախագահներ կատարել են նախընտրական քարոզչություն, Վարդան Ղուկասյանի քարոզչական տպագիր պաստառները չեն պարունակել տեղեկություններ այն կազմակերպությունների ու անձանց մասին, որոնք պատասխանատու են հրապարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

Մարտին Սուքիասյանն իր հայեցադիմումի մեջ նշում է, որ ընտրացուցակների վերջնական օրինակը բնակության վայրի հաշվառումն իրականացնող ոստիկանության անձնագրային բաժինը, որպես լիազոր մարմին, պարտավոր էր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրել քվեարկությունից 2 օր առաջ: Արդյունքում 7000-ից ավելի ընտրողների անուն-ազգանունները ընտրացուցակում կամ կրկնվել են, կամ տեղափոխվել այլ տեղամասեր, որով էլ չեն կարողացել գտնել իրենց անուն-ազգանունները:

Մարտին Սուքիասյանը գտնում է, որ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նշված կետերից բխող միջոցառումներ չի ձեռնարկել, որով եւ խախտել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների, քարոզչական պաստառների եւ այլ նյութերի օգտագործման կարգի եւ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական եւ ՏԻՄ ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության մասին հոդվածները:

Հայցվոր Մարտին Սուքիասյանը նոյեմբերի 1-ին Շիրակի մարզային ոստիկանության Գյումրիի բաժնին դիմում է ներկայացրել համայնքի ընտրողների ցուցակները ստանալու մասին՝ դատարանին որպես ապացույց ներկայացնելու նպատակով: Պարոն Սուքիասյանն այսօր դատարանին միջնորդեց հետաձգել գործի քննությունը մինչեւ պահանջվող փաստաթղթերի ստանալը: Նյութը մեզ են տրամադրել Գյումրիի «Ցայգ» հեռուստաընեկրության մեր գերծընկերները: