«Հո հավերժ ապրիլի 24-ի մեջ չենք մնալու. սկսվել է պայքարի նոր փուլ». ազատամարտիկ (տեսանյութ)
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը շարունակում է իր հացադուլը Ազատության հրապարակում։ «Հաշվի առնելով ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները, հաշվի առնելով այդ օրերին մեր երկրում գտնվող պատվիրակություններն ու հյուրերը, որոշեցի խոսակցություններից և ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար հացադուլս ՄԻՊ գրասենյակի մոտ անեմ։ Բայց հիմա անցել է այդ ամենը , հիմա եկել է պայքարի նոր փուլ, նոր պայքար է սկսվում, անցավ ապրիլի 24-ը, հո հավերժ ապրիլի 24-ի մեջ չենք լինելու»,- շեշտում է Խաչիկ Ավետիսյանը , անդրադառնալով «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ որոշեց հացադուլը ՄԻՊ գրասենյակի մոտից տեղափոխել Ազատության հրապարակ։ Նա չի ցանկանում, որ որևէ մեկը միանա իր հայտարարած հացադուլին, իսկ նստացույցին մասնակցել ցանկացողներ նրա խոսքերով՝ արդեն կան։ «Իմ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ մինչև ազատ կարձակվեն բոլոր 18 քաղբանտարկյալները», - ասում է նա՝ նկատի ունենալով Հիմնադիր խորհրդարանի անդամներին ու Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին։ Հիշեցնենք, որ վերջիններն անազատության մեջ են գտնվում դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 5-ից։ Ազատամարտիկից հետաքրքրվեցինք նաև, թե հացադուլի արդյունքում ինչպես է նրա ինքնազգացողությունը, չունի արդյո՞ք առողջական գանգատներ, ինչին ի պատասխան նա նշում է . «Նորմալ եմ , դա ինձ համար առայժմ երրորդական հարց է։ Դեռևս վաղ է դրա մասին խոսել, ես դեռ կդիմանամ։ Այս պահին մենք ունենք ընդամենը մեկ նպատակ՝ պայքարել տղաների ազատության համար»,-շեշտում է ազատամարտիկը, նաև կոչ անելով բոլորին՝ դուրս գալ անտարբերության մթնոլորտից և միանալ իրենց պայքարին։ «Պետք է անհանգստացնենք այս իշխանություններին, ցույց տանք, որ մենք անտարբեր չենք, մենք կանք ու էստեղ ենք, ապրում ենք այս երկրում և թույլ չենք տա նման անօրինականություններ։ Ես համոզված եմ , որ եթե բոլորը գան և այստեղ նստացույց անեն, ապա մեկ ժամ հետո բոլոր ձերբակալվածներին էլ բաց կթողնեն»,- վստահեցրեց Խաչիկ Ավետիսյանը։ Վերջինս, սակայն, չցանկացավ ասել, պատրաստվում է արդյո՞ք գիշերել Ազատության հրապարակում, թե ոչ։ «Ես միայն հացադուլ եմ հայտարարել , իսկ թե որտեղ կգիշերեմ ու ինչպես , դա արդեն իմ խնդիրն է»։ Խաչիկ Ավետիսյանը նաև կոչ արեց քաղաքացիական ակտիվիստներին, տարբեր ՀԿ-ների նեկայացուցիչներին, մտավորականների և այլ ազատամարտիկների , իր բնորոշմամբ՝ ազգի սերուցքին , համախմբվել , ստեղծել պայքարի մեկ ընդհանուր ճակատ՝ հանուն հայրենիքի փրկության։