Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎՏՈՎԹԱՐ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Մարզեր

Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Գյումրիում: Երեկ երեկոյան 21:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի պողոտայի միջնահատվածում «Մերսեդես-Բենց 600» մակնիշի մարդատար ավտոմեքենան ընթացել է Շառլ Ազնավուրի հրապարակի ուղղությամբ: «Եվրոպա» լուսանկարչատան մերձակա հատվածում այն բախվել է «Վազ - 2105» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետեւանքով «Մերսեդես»-ը դուրս է եկել ընթացքի աջ մայթ եւ վրաերթի ենթարկել հետիոտն 22-ամյա Հրաչ Բաղդասարյանին, որը Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը գիշերը գանգոսկրերի բազմաթիվ կոտրվաքներով Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել նաեւ «Մերսեդես»-ի ուղեւոր 24-ամյա Կարեն Պետրոսյանը: Բժիշկների հավաստմամբ վերջինիս վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել ու գիշերը Կարեն Պետրոսյանը մահացել է:

«Մերսեդես»-ի երկրորդ ուղեւոր` 26-27 ամյա Արթուր Անունով երիտասարդը ազդրի վզիկի հոդախախտով, գանգուղեղային փակ վնսավածքով ու շոկային վիճակով տեղափոխվել է Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց:

Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասով՝ «անզգուշության հետեւանքով 2 եւ ավելի անձանց մահ» ձեւակերպումով:

Ճանապարհատրանսպորտային եւս 1 պատահար գրանցվել է 11:00-ի սահմաններում: «Օպել» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել Հաղթանակի պողոտայի անցումը հատող հետիոտնին, այնուհետեւ Խաղաղության Օղակաձեւ զբոսայգու մայթեզրի մոտ հարվածել է «Նիվա» մակնիշի մեքենային: «Նիվան» բախվել է ծառին: Ինչ վերաբերում է պատահարի անմիջական տուժողին, ապա վերջինը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

Ըստ որոշ տվյալների` դեպքի պահին սահմանված տեղում պողոտան հատել են երկու երիտասարդ, որոնցից մեկին հաջողվել է խուսափել հարվածից: Հիվանդանոց տեղափոխված 1985 թվականին ծնված Խաչիկ Գեւորգյանը ենթարկվել է վիրահատության: Մի քանի ժամ տեւած վիրահատությունից հետո տուժողի վիճակը գնահատվում է խիստ ծանր: