Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԼԱՎԱՑՄԱՆԸ

Տնտեսություն

Վերջին 4 տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի ոլորտում ներդրել է 25,6 մլրդ դրամ, որից 8,7 մլրդը` այս տարի: «Թեեւ 2004-2005 թվականները ընկերության համար եղել են շահութաբեր, բաց ներդրումները «փակելու» համար դա բավարար չի եղել»,- այսօր խորհրդարանում տեղեկացրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ տնօրեն Կարեն Կարապետյանը:

Ընկերությունը մինչեւ 2003 թվականը վնասով է աշխատել: Վնասը վերացնելու եւ բիզնեսը լավացնելու տարբերակները երկուսն են` սակագնի կարգավորում եւ շուկայի ընդլայնում: Ընկերությունն, ըստ տնօրենի, ընտրել է երկրորդ տարբերակը: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն 101 հազար բաժանորդ ունի: Այս տարվա վերջին փաստացի բաժանորդների թիվը կհասնի 370 հազարի, պոտենցիալ բաժանորդներինը` 525 հազարի: Նշվեց, որ տարեվերջին Հայաստանն ԱՊՀ տարածքում ամենագազիֆիկացված երկիրը կլինի: ԽՍՀՄ տարիներին Հայաստանում եղել է 485 հազար բաժանորդ, այս տարվա վերջին Հայաստանի պոտենցիալ բաժանորդների թիվը կգերազանցի այդ թիվը: Ըստ «Հայռուսգազարդ» ՓԲԸ տնօրենի` գազիֆիկացմամբ բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծվում. գազն այսօր 3 անգամ էժան է էլեկտրաէներգիայից, 2 անգամ` փայտից: «Գազիֆիկացման գործընթացը ՀՀ-ում եւ այդ ոլորտում ազգաբնակչության անվտանգության ապահովումը տեխնածին վթարներից եւ արտակարգ իրավիճակներից» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացվեցին, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, համատիրությունների նախագահներ, հասարակական կազմակերպությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների ներկայացուցիչներ:

2006 թվականին ծրագրվում է եւս 130-140 հազար պոտենցիալ եւ 100 հազար իրական բաժանորդ ունենալ: Այս տարի մայրաքաղաքում սնող գազատարներ են կառուցվում այն թաղամասերում, որոնք երբեւէ գազ չեն ունեցել, օրինակ` Դավթաշենը, Նորքի զանգվածները, Ավանը եւ այլն: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ անվտանգության խնդիրները մինչեւ նոյեմբերի 1-ը կարգավորվում էին համապատասխան ՍՊԸ-ների միջոցով: Սպառողների խնդրանքով այդ լիազորությունները նոյեմբերի 1-ից տրվել են «Հայռուսգազարդին»: Մենաշնորհային կարգավիճակը եւ վերահսկողությունն ընկերության կողմից իրականացնելը պարոն Կարապետյանը ճիշտ լուծում չի համարում եւ դա ընդունում է որպես ժամանակավոր լուծում. «էժան սակագին է, անտրամաբանական սակագին է, պոպուլիստական սակագին է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը: Այնուամենայնիվ, անվտանգության խնդիրներն ապահովելու համար ընկերությունն արդեն ձեռնարկել է որոշակի միջոցառումներ, մասնավորապես` բաժանորդները բաժանվել են երեք խմբի` ռիսկային, այն սպառողները, ովքեր մշտական խախտումների սիրահար են, սպառողներ, ում կարելի է այցելել տարին 2 անգամ եւ ավելի կարգապահներ, ում կարելի է անգամ տարին 1 անգամ այցելել: Պարոն Կարապետյանը վստահեցրեց, որ խախտումներ անողների հանդեպ կոշտ մոտեցում է ցուցաբերվելու, ընդհուպ` մինչեւ գազազրկում:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԸՆԹԱՑ

Տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդուարդ Բարսեղյանի խոսքով` դժբախտ պատահարները կանխելու համար օրենսդրական նախաձեռնության կարիք կա: Հանրապետությունում արագ տեմպերով գազիֆիկացման աշխատանքներին զուգահեռ աճում են դժբախտ պատահարները, հրդեհները, պայթյունները, գազի արտահոսքը, մարդկանց թունավորումների եւ մահվան դեպքերը: Կառավարության որոշմամբ դեկտեմբերի 30-ին վերահսկողությունը հանձնարարվել է արտակարգ իրավիճակների վարչությանը, 2005 թվականի հունվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում պետական հրդեհային հսկողության մարմինները հանրապետության տարածքում ստուգումներ եւ ուսումնասիրություններ են անցկացրել 3675 բազմաբնակարան շենքերում: Նշվեց, որ եթե 2003 թվականին թունավորումներից մահացել է 8 մարդ, ապա 2004-ին` 24 մարդ: