Բանկերում դժվարացել է գումարի կանխիկացումը
Կառավարությունն այսօր որոշել է պետբյուջեից 10 մլրդ դրամ հատկացնել կենտրոնական բանկին, քանի որ բանկը ռեսուրսների պակաս ունի։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս հարցով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, եւ միասին այսպիսի որոշում են կայացրել։ «Կենտրոնական բանկը սնվում է մնացած բանկերի պահուստներից, և այս առումով գուցե գումարի անհրաժեշտություն է առաջացել»,- Կառավարության որոշումը մեկնաբանելով՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Տնտեսագետը նշում է՝ ԿԲ-ին ամեն տարի տրամադրվում է որոշակի գումար՝ անհրաժեշտ ծախսերի համար, բայց միգուցե չնախատեսված խնդիրներ են առաջացել, օրինակ ժամկետանց վարկերի գծով պարտավորությունների առումով։ «Բայց 2014-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ ԿԲ-ն ակտիվների աճ ուներ»,-շեշտում է տնտեսագետը։ Հիշեցնում է նաև, որ այս տեսանկյունից գլխավոր դրամատունը ոչ թափանցիկ կառույց է, փակ քաղաքականություն պետք է վարի, և չենք կարող հստակ իմանալ այս կամ այն խնդրի պատճառը։ «Պետք է նաև բանկերում վարկերի տոկոսադրույքներն իջեցնել, այժմ դրանք հասել են մինչև 19 տոկոսի, իսկ վարկերի ծավալը 95-100 մլրդ դրամով նվազել է»,-ընդգծում է պարոն Խաչատրյանը։ Արդյո՞ք ԿԲ-ում ծագած խնդիրը կապված է դրամի արժևորման հետ, տնտեսագետը չի կարծում։ «Եվրոբոնդերը վաճառեցին և 200 մլն դոլարով պահուստները համալրեցին։ Բացի այդ, ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստան ժամանած մարդիկ դոլար են բերել, և դա էլ կարող են ներգրաված լինել»,-ասում է տնտեսագետը։ Այն, որ որոշ բանկեր այս օրերին հրաժարվում են հաճախորդին տրամադրել իրենց հասանելիք գումարը, նա պայմանավորում է բանկերի աշխատակիցների մոտ սահմանափակ գումարի առկայությամբ։ «Բացի այդ, բանկերից մեկն իր քաղաքականությունը փոխում է, ներքին խնդիրներ ունի և այնտեղի հաճախորդները կարող են նման խնդրի առջև կանգնել։ Նման բան այլ բանկերում էլ է պատահում։ Միգուցե եթե հաճախորդը նախօրոք զանգահարի ու նշի՝ որքան գումար է պատրաստվում իր հաշվից վերցնել, նման խնդիր չառաջանա»,-կարծում է մասնագետը։ Տնտեսագետը նշում է նաև, որ հատուկենտ դեպքերը կարող են խուճապ առաջացնել և մարդիկ շտապեն բանկեր՝ իրենց գումարները հանելու։ Բայց անհանգստանալու կարիք առանձնապես չկա։