Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց. նախագահ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

«Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և այդ ընտրությունը պատվաբեր է ու պատասխանատու: Ձեր ուսերին է դրված մեր ժողովրդի ու պետության անվտանգության և խաղաղ կյանքի ապահովման կարևորագույն առաքելությունը: Ժամանակակից աշխարհը բարդ է և մարտահրավերներով լի, ուստի մեր պետությունը բոլոր ոլորտներում կարիք ունի արհեստավարժ, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների և, իհարկե, սպայական կազմի: Ուրախ եմ տեսնել և վստահ եմ, որ դուք նվիրված եք ձեր ուսմանը, ձեր գործին ու որոշմանը և պատրաստ եք դառնալ հենց այդպիսի սպաներ: Վստահ եմ նաև, որ ձեր սերունդը նոր որակ կհաղորդի մեր զինված ուժերին: Ձեր գիտելիքները, նորարարական մտածելակերպը և տեխնոլոգիական հմտությունները կօգնեն մեզ ունենալ ավելի ուժեղ և արդիական բանակ: Սիրելի կուրսանտներ, Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհավորել ձեզ և ձեր ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք, հաջողություններ ուսման մեջ և ապագա ծառայության ընթացքում: Թող ձեր յուրաքանչյուր քայլն ուղղված լինի մեր հայրենիքի հզորացմանը և անվտանգության ամրապնդմանը: Ձեր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն, քաջառողջություն և երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում: Փառք մեր հերոսներին և փառք ձեզ՝ մեր պետության պաշտպաններիդ»:

Հանրապետության նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության և ուսման մեջ օրինակելի առաջադիմություն ցուցաբերած կուրսանտներին և սպաներին: