Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ

Տնտեսություն

Այսօր ժամը 10-12-ը «ԱրմենՏել» հայ-հունական համատեղ ձեռնարկության 50 աշխատակիցներ գործադուլ արեցին եւ այդ 2 ժամն անցկացրին ձեռնարկության վարչական շենքի դիմաց` ներկայացնելու իրենց պահանջները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ստորաբաժանման 4 բաժինների աշխատակիցների պահանջը, ըստ ձեռնարկության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չութիլյանի, չեն համապատասխանում գործադուլի ընդունված պահանջներին. «Նրանց խնդիրները սոցիալական չեն, այլ վերաբերվում են հայ-հունական հարաբերություններին, ինչը չի բխում գործադուլի ընդունված համընդհանուր պահանջներից: Դա անօրինական գործադուլ է` եւ աշխատանքյին օրենսգրքի, եւ մեր ձեռնարկության պայմանագրային դրույթներին հակասող»,- ասաց Հասմիկ Չութիլյանը եւ ավելացրեց, որ նրանց երեկ ընդունել է ձեռնարկության ղեկավարությունն ու առաջարկել մեղադրանքները փաստարկված ներկայացնել, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անել: Գործադուլավոր աշխատակիցները սակայն, ըստ Չութիլյանի, ոչ մի հիմնավոր փաստարկ չեն բերել տնօրեն Ջորջ Կուլոյանիսին աշխատանքից ազատելու պահանջի կապակցությամբ:

Հասմիկ Չութիլյանը Ա1+-ին տեղեկացրեց, որ գործադուլավորները ձեռնարկության 6500 աշխատակիցներից ընդամենը 50 հոգին են, եւ նրանց գործողությունը անպայման կունենա իրավական հետեւանք, քանի որ դա ոչ միայն կազմալուծել է ստորաբաժանումների աշխատանքը երկու ժամով, այլ նրանց գործողությունների, հեռուստահարցազրույցների միջոցով վնասվել է ձեռնարկության բարի համբավը:

Օրվա երկրորդ կեսին արդեն պարզ դարձավ, որ վաղը գործադուլավորները «կդատվեն», եւ այն ժամին, երբ նրանք շարունակելու էին բողոքի ակցիան` գործադուլը, այժմ ստիպված են լինելու դատարանում նստել պատասխանողի աթոռին: