Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

Տնտեսություն

Վերջին տարիների ընթացքում ծայրահեղ աղքատության մակարդակը Երեւանում աճել է, բայց միաժամանակ ընդհանուր աղքատության թիվը նվազել է: Սա բացահայտել են Արժույթի Միջազգային Հիմնադրամի մասնագետները, որոնք ուսումնասիրել են իրավիճակը Հայաստանում, որպեսզի կազմեն «Տնտեսական աճ եւ աղքատության կրճատում Հայաստանում. նվաճումներ եւ մարտահրավերներ» գիրքը:

Ուսումնասիրությունների ընթացքում ԱՄՀ աշխատակիցները պարզել են, որ իրականում ունեն ինֆորմացիայի պակաս, թե ինչ է իրականում կատարվել Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում: «Կա գրականություն, որը պատմում է 90-ականների սկզբի մասին, բայց վերջին 5 տարիների մասին չկա»,- ասում է ԱՄՀ Երեւանյան գրասենյակի տնօրեն Ջեյմ Մաքյուն: Միայն անգլերեն լեզվով ստեղծած գրքում ԱՄՀ-ն գնահատական է տալիս վերջին 10 տարիներին Հայաստանում տեղի ունեցող տնտեսական անցման գործընթացին եւ առաջիկա մարտահրավերներին: Գրքում նաեւ ներկայացված են հնարավոր զարգացման լավատեսական եւ վատատեսական սցենարները: Մարտահրավերների առումով ԱՄՀ մասնագետների կարծիքով` Հայաստանի համար առաջիկայում գերակա ուղղություններ են լինելու մաքսային, հարկային եւ ֆինանսական շուկաների զարգացումն ու առեւտրային ինտեգրացիան:

Իսկ ի՞նչ գործոններ են հաշվի առել ԱՄՀ մասնագետները Հայաստանի տնտեսության հետագա զարգացման լավատեսական սցենարը գրելիս: Արդյո՞ք այդ լավատեսական սցենարում հաշվի է առնվել ԼՂ հակամարտության լուծումն ու Թուրքիայի կողմից սահմանների բացումը: Նմանատիպ հարցերին պարոն Մաքյուն գերադասեց չպատասխանել` հստակեցնելով, որ ԱՄՀ-ն «տեխնոկրատ կառույց է եւ չի մեկնաբանում քաղաքական խնդիրները»: Հրապարակված գրքում ԱՄՀ-ն, այնուամենայնիվ, փոքրիկ անդրադարձ կատարել է նշված հարցերին: Գրքում կա մի հատված, որում ասվում է, որ «եթե այդ խնդիրները լուծվեն, ապա առեւտուրն ու ապրանքաշրջանառությունն ավելի ակտիվ կլինի»: Այսպիսով` Ջեյմ Մաքյուն հստակեցրեց, որ Հայաստանի տնտեսության հետագա զարգացման «լավատեսական սցենարը մշակվել է իրավիճակի չփոփոխման հիման վրա»:

Թեեւ պարոն Մաքյուի ներկայացմամբ, Հայաստանը կարողացել է կողմնորոշվել ազատականացման պայմաններում, այուամենայնիվ, նաեւ նշվեց, որ հետագա զարգացումը կապված չէ միայն հակամարտության կարգավորմամբ ու սահմանների բացումով: Ոչ պակաս կարեւոր խնդիր է պարոն Մաքյուն համարում այն, որ օրինակ` Եվրոմիությունը որոշակի սահմանափակումներ է դնում, ենթադրենք, գյուղատնտեսական ապրանքների ներկրման համար:

Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, որոնց կարծիքով տնտեսական աճը բավարար է աղքատությունը նվազեցնելու համար, Ջեյմ Մաքյուն ներկայացրեց այլ մոտեցում: Ըստ նրա, տնտեսական աճն անշուշտ ազդում է աղքատության կրճատման համար, սակայն միայն դա բավարար չէ աղքատությունը հաղթահարելու համար: Այդ նպատակի համար անհրաժեշտ է նաեւ սոցիալական ճիշտ համակարգի աշխատանքն ու հարկաբյուջետային ճիշտ քաղաքականությունը: