«ՎԻՎԱՍԵԼՆ» ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Վիվասել» եւ «ԱԳԲԱ բանկ» ընկերություններն այսօր համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հանրությանը տեղեկացնելու իրենց նոր ծրագրի մասին:
Համատեղ ծրագիրը «ԱԳԲԱ բանկի» ղեկավար Ստեփան Գիշյանը մի քանի անգամ անվանեց «կրթական»: «Սա կրթական համալիր ծրագիր է, այս առաջարկով մենք ոչ միայն եկամուտներ չենք ստանալու, այլ նաեւ ծախսեր ենք կրելու»,- ասաց նա: Իսկ ի՞նչ են ուզում համատեղ անել բջջային օպերատորն ու բանկը: «Վիվասելն» ու «ԱԳԲԱ բանկը» թողարկել են «Վիզա» պլաստիկ քարտ, որով «Վիվասելի» բաժանորդները կարող են իրենց հեռախոսավարձերի կոմունալ վճարումները կատարել: Քարտը գայթակղիչ դարձնելու համար կողմերը որոշել են իրենց միացողներին ազատել «Վիվասելի» 4500 դրամ միացման վարձից եւ 22500 դրամ երաշխիքային կանխավճարից: Սակայն քարտ ունենալու համար բաժանորդը պետք է տարեկան 7250 դրամ սպասարկման վարձ մուծի բանկին:
Այսօր բանկի նախագահը շտապեց զգուշացնել իրենց համատեղ ծրագրի հավանական բաժանորդներին, որ քարտի սպասարկման վարձը զեղջված է, իրականում այն 10 000 դրամ է:
«Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիքյանը լրագրողներին վստահեցրեց, որ բանկի հետ նման առաջարկներ մշակելով՝ իրենք բաժանորդներ գրավելու խնդիր չեն լուծում: Տեղեկացրեց նաեւ, որ այս քարտով բաժանորդները կարող են ազատվել ռոումինգի երաշխիքային վարձերը մուծելուց:
Նոր ծրագրով քաղաքացին հնարավորություն կունենա մինչեւ 25 000 դրամ «ԱԳԲԱ բանկից» վարկ ստանալ, եթե հեռախոսով շատ է խոսել, բայց պարքը փակելու փող չունի: 25 000-ից ավելի գումար բանկը կտրամադրի եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու դեպքում միայն: