Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԻՎԱՍԵԼՆ» ԱՎԵԼԻ ՎԱՏ «ԱՐՄԵՆՏԵԼ» Է

Տնտեսություն

«Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիքեանը այսօր հաստատեց, որ հայաստանյան բջջային այդ երկրորդ օպերատորը լավ համարներով քարտերը վաճառում է շատ թանկ գներով: Նա սակայն հանգստացնող ու հուսադրիչ խոստումներ տվեց. «Եթե դուք գաք մեր օֆիս, մուծեք գումար ու ստանաք «գոլդ» քարտ, ապա ձեջ անպայման կտան անդորրագիր, որ այդ գինը մեզ մոտ ֆիքսված է, ոչ թե աշխատողն է իրենց գին որոշում»:

Այպիսով, բջջային կապի ոլորտում «ԱրմենՏելի» նոր մրցակիցը հեռախոսահամարները բաժանել է հինգ խմբի՝ սովորական, բրոնզե, արծաթե, ոսկե եւ պլատինե: «Սովորական» համարը կարող է լինել ամենախառը թվերի դասավորություն, սակայն եթե այցելուն կոնկրետ այդ համարն է ուզում, ուրեմն 4500 դրամ միացման վարձից բացի նա պետք է «Վիվասելին» վճարի 7000 դրամ: Բրոնզե համարն արժե 72 000, արծաթեն՝ 135 000, ոսկե համարը՝ 337 500 դրամ, (այսօրվա կուրսով՝ 735 դոլարից ավելի):

Պլատինե համարների արժեքը «Վիվասելը» չի հրապարակում, նույնիսկ իր թողարկած թերթիկներում չի նշել: Այդ գինը հրապարակելուց այսօրվա մամուլի ասուլիսում հրաժարվեց նույնիսկ տնօրեն Ռալֆ Յիրիքեանը, սակայն մեր տեղեկություններով՝ այն մոտ է 1.5 մլն դրամին: Իսկ թե ինչ սկզբունքով է որոշվում՝ որ համարն է բրոնզե-ոսկե կամ պլատինե, «Վիվասելում» հայտնել են, թե իրենք հատուկ բանաձեւ ունեն, որով հաշվում են: Բանաձեւը գաղտնի է, եւ որեւէ մեկին չի տրամադրվում:

Հիշեցնենք, որ այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը դիմել էր տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ստանալու ոսկե համարները թանկ գնով վաճառելու թույլտվություն: «Գոլդն» համարները «ԱրմենՏելը» սեւ շուկայում թանկ գնով միշտ վաճառել է, սակայն դրանց արժեքը չի գերազանցել 1000 դոլարը նույնիսկ 1990-ական թվականներին: Իսկ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մերժել էր «ԱրմենՏելի» խնդրանքը, որով ընկերությունը փորձում էր լավ համարները 200-300$ գնով վաճառելը լեգալացնել: