Ինչպես է «Ոսկե ծիրանը» կարողանում այս որակի հյուրեր ունենալ (տեսանյութ)
«Զարմանում եմ և մի փոքր նախանձում, թե ինչպես «Ոսկե ծիրանը» կարողանում է այս որակի հյուրեր ունենալ»,- ասում է Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն Նինո Անջափարիձեն։ Չհաշված որոշակի զուտ տեխնիկական ու կազմակերպչական թերությունները, Կինոփառատոնն անխոս որակապես աճում է, վստահ է տիկին Նինոն. «Ոսկե ծիրանը» տարածաշրջանում ամենահեղինակավոր փառատոնն է, և կարծում եմ՝ սա կարևոր է Հայաստանի միջազգային վարկանիշի առումով։ Կինոփառատոնը հետաքրքիր հանդիպումներ են, շփումներ, համատեղ ծրագրեր, որոնք շատ կարևոր են կինոարտադրության զարգացման համար։ 1990-ականներին հետխորհրդային երկրներում, ավաղ, կինոյի համար անմխիթար մի շրջան էր։ 2000- ականներին սկսվեց նոր փուլ, որոշակի զարգացում։ Եվ ինչպես Վրաստանը, այնպես և ձեր երկիրը պետք է կարողանա նոր դպրոց ստեղծել, զարգացնել ազգային կինոն։ Սա է խնդիր»։