Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անեծքին հաղթած հովիվը

Մշակույթ
hoviv

«Հայաստան» կինոթատրոնի մոտ խմբվածներից սեւ ակնոցով տղամարդը թերեւս միայն իր բարձր հասակով է տարբերվում զրուցակիցներից։ Թեւանցուկ կինը չի թաքցնում ամուսնու հանդեպ իր հիացմունքը. նա ֆիլմի հերոս է։ Րոպեներ առաջ ավարտվել է ֆիլմը, որտեղ ամեն ինչ հյուսված էր իր ամուսնու շուրջ, եւ նա էլ հենց գլխավոր դերակատարն էր՝  հովիվը, որին կորցրած տեսողությունը չէր խանգարում աշխարհն իր գույներով ընկալելու եւ ներկայացնելու համար։ Կինն էլ տեսողական խնդիրներ ունի, բայց աչքի լույսը բավարար է՝ ամուսնու սպիտակ ձեռնափայտը լինելու համար։ Խաչիկն ու Արմինեն էկրանից իջել ու արդեն մի քիչ այլ բառերով պատմում էին այն, ինչը հանդիսատեսը տեսել էր Վահրամ Մխիթայանի «Հովվի երգը» ֆիլմում։ Ավելի ստույգ՝ պատմում էին այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել նրանց կյանքում ֆիլմի նկարահանումներից հետո։ Իսկ կեսժամանոց ֆիլմի նկարահանումներն, իրականում,  կարճ չէին տեւել՝ համարյա վեց տարի։ Եղեգնաձորի Եղեգիս գյուղում ապրող Խաչիկ Խաչատրյանին 2007թ գտել էր հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Նրա հոդվածից ոգեւորված՝ ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը մեծ էկրան էր տեղափոխել կույր հովվի եւ այծերի ընկերությունը։ Հովիվ Խաչիկը մի աչքի լույսը կորցրել է ուսուցչուհու հարվածից, մյուսն էլ՝ փողոցային կռվի հետեւանքով։ Թեեւ Խաչիկը Աբովյանից արդեն 19 տարի է Եղեգիս է տեղափոխվել, բայց դեռ համագյուղացիներ կան, որոնք կասկածում են՝ արդյո՞ք նա ամբողջովին կորցրել է տեսողությունը։ Խաչիկը հոտառության եւ լսողության շնորհիվ կարողանում է այնպես հստակ ճանաչել մարդկանց եւ երեւույթները, որ նույնիսկ եղել է ժամանակ,որ գյուղում գրազ են եկել՝ տեսնո՞ւմ է նա, թե ոչ։ Վահրամն է պատմում իր ֆիլմի հերոսի մասին, որի հետ ժամեր, օրեր,ամիսներ է անցկացրել։ Չի թաքցնում, որ դժվար է եղել Խաչիկի՝ դրամատիկ կյանքը ներկայացնելու փորձը։ Ֆիլմի հերոս Խաչիկի ընկալմամբ՝ տեսողության կորուստը անեծք էր, որը պիտի մաքրվի։ Անեծքի ուժին հավատալ ստիպել էր նրան նաեւ փաստը, որ որդին՝ Գրիգորը, եւս տեսողական խնդիրներ ունի եւ ստիպված է ապրել ընտանիքից հեռու՝ Երեւանում՝ տեսողության խնդիրներ ունեցողների դպրոց հաճախելու համար։ Որքան էլ մեծ է կարոտը եւ օրը մի քանի անգամ հեռախոսով զրուցելն էլ չի մոտեցնում հեռավորությունը, Խաչիկը հասկանում է՝ որդու ուսումը կարեւոր է։ Ինքն ու կինն էլ փորձ են անում հաստատվել Երեւանում, բայց ի վերջո հասկանում է , որ տեսողական խնդիրներ ունեցող անձի համար մայրաքաղաքի ասֆալտի եւ սիրուն աստիճանների վրա քայլելն ավելի դժվար է, քան սարուձորի վրա, քարերի մեջ։ Ֆիլմում Խաչիկը նաեւ իր մի երազանքն է բարձրաձայնում, թե կուզենար՝ չորս երեխա ունենալ, բայց «վախենում է՝ նրանք տեսողական խնդիրներով ծնվեն»։ Խաչիկ եւ Արմինե Խաչատրյանները կինոդահլիճ էին եկել լուռ, ու բեմ բարձրանալուց հետո միայն՝ հանդիսատեսը ճանաչեց նրանց։ Մինչ նրանք կհասնեին բեմ, հանկարծ հիշեցի նրանց շարքից հնչած խոսակցության մի պատառիկ. «Արմինե, հիմա քանիսն են Ձերը»։ «Չորսը»,- հպարտությամբ պատասխանել էր կինը։ Բեմի վրա Խաչիկը հպարտացավ՝ երազանքն իրականություն է դարձել. չորս որդի ունի արդեն, վերջին երկուսը՝ երկվորյակներ են ,եւ նրանք տեսողական խնդիրներ չունեն։ vahram1Վահրամ Մխիթարյանի «Հովվի երգը» ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ցանկում։  Հայ-լեհական առաջին արտադրության այս ֆիլմը Երեւանում մրցանակ չստացավ։ Մինչ այս փառատոնը ֆիլմն արդեն արժանացել էր չորս մրցանակի՝ երեքը՝ Լեհաստանում, մեկը՝ Էստոնիայում։ Կարինե Ասատրյան