Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ «ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ»

Տնտեսություն

Գազի գնի հավանական թանկացման ու դրա հետեւանքների շուրջ այսօր բանավիճում էին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գեւորգ Վարդանյանն ու տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:

Կառավարության ներկայացուցիչը վաղաժամ համարեց գազի թանկացման մասին անհանգստություններն ու քննարկուների կազմակերպումը, մի քանի անգամ վստահեցրեց, որ եթե նույնիսկ Ռուսաստանը թանկացնի Հայաստան մտնող գազի սակագինը, կառավարությունը երբեք թույլ չի տա երկրի ներսում կտրուկ տատանում, «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած բաժնեմասի հաշվին փուլայինի կվերածի թանկացումը, հատկապես սոցիալապես խոցելի խավի համար կմշակի մեղմիչ գործոններ:

Նրա ընդդիմախոս Էդուարդ Աղաջանովը համաձայնեց, որ Ռուսաստանը պետք է թանկացնի գազը, նույնիսկ ներքին գները պետք է բարձրացնի, քանի որ մտադիր է դառնալ նման պահանջ ներկայացնող` Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Սակայն այդ պետության հիմնավորումը, թե` թանկացումները պայմանավորված են համաշխարհային շուկայական պահանջներով, տնտեսագետը անհիմն համարեց: «Որն է այդ համաշխարհային գինը, եթե Ռուսաստանը Թուրքիայից գազ գնում է 1000 խմ 44 դոլարով, մեզ վաճառում 58-ով, Ուկրաինային` 50-ով, Մերձբալթյան երկրներին` 80-83 դոլարով: Ես կհասկանայի, եթե մեզ որոշեր վաճառել 70, նույնիսկ` 80 դոլարով, որովհետեւ այդ դեպքում Ռուսաստանը մեր երկրից տարեկան կստանար 36 մլն դոլար շահույթ: Սակայն Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանին մտադիր է վաճառել 110 դոլարով, իսկ դրան զուգահեռ` Բելառուսի համար սահմանել է 46,68 դոլար սակագին: Շուկայական ի՞նչ կանոն է այստեղ գործում, խնդրում եմ բացատրեք»,- սեփական փաստարկները ներկայացրեց տնտեսագետ Աղաջանովը: Նա ենթադրեց, որ մեր ռազմավարական դաշնակցի այս քայլը պարզապես քաղաքական ճնշման մեթոդ է, ինչը շատ նման է սովետական քաղաքականությանը. «Եթե ԽՍՀՄ-ը միջուկային մահակով էր բոլորին սպառնում, ՌԴ-ն սպառնում է էնեգետիկ մահակով»: Տնտեսական զարգացման փոխնախարարը ստիպված սկսեց գովերգել Հայաստանի գործադիր իշխանությանը. «Կառավարության դիվանագիտական լուրջ հաջողություններից էր Իրան-Հայստան գազամուղի կառուցումը, որով մենք 2007 թվականից կունենանք այլընտրանքային խողովակ»: Ի՞նչ հաջողության մասին է խոսքը, եթե Իրանի սահմանից 1500 մմ խողովակը շարունակելու փոխարեն Հայաստան ենք բերում 700 մմ խողովակ, որով հնարավոր չէ տարանցիկ երկիր դառնալը: Նա հաստատեց «Ա1+»-ի դիտարկումը, որ Իրանից տոկոսով վերցված 30 միլիոնով այդ երկրի համար խողովակաշար կառուցելը, այդ երկրից բերած գազն ամբողջությամբ տեղում էլեկտրաէներգիայի վերածելը եւ հետ ուղարկել կարողանալը հատկապես Հայասանի հաջողությունը չէ: Այս հակափաստարկին առեւտրի փոխնախարարը շատ խորհրդավոր պատասխանեց. «Գիտեք ինչ, պետք չէ լուն խրտնացնել: Դուք գիտեք, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ Իրանի նկատմամբ, լավ գիտեք, որ Ռուսաստանը չէր ցանկանա` մենք ունենայինք այլընտրանքային խողովակ: Այսօր խողովակը տարանցիկ չէ, բայց վաղը, եթե դրա գնորդ պետություն հայտնվի, կողքին 1500 միլիմետրանոց կկառուցենք»:

Գեւորգ Վարդանյանը չասաց, թե «լուն» որ երկիրն էր, սակայն կանխատեսեց, որ ապագայում ՀՀ գազատարեր կմտնեն նաեւ Ադրբեջաից, նույնիսկ` Թուրքիայից, եթե լուծվեն այդ երկրների հետ մեր կոնֆլիկտները, եւ մենք կունենանք 4 այլընտրանքային խողովակ: Իսկ մինչ այդ, նա խորհուրդ տվեց այնքան զարգացնել տնտեսությունը, որ գազի թանկացումը քաղաքացին եւ արտադրողը չզգան: Իսկ եթե դեռ զարգացած չէ, ուրեմն պետք է պատրաստ լինենք ցանկացած փոփոխության: Նա նույնիսկ լրագրողներին խորհուրդ տվեց` ժուռնալիստիկային զուգահեռ տիրապետել որեւէ այլ մասնագիտության: «Թե չէ` մեզ մոտ մեկին գործից հանում են կամ կրճատվում է, անմիջապես սթրես է ապրում: Պետք է դրան պատրաստ լինել նախապես»,- հորդորեց տնտեսական զարգացման նախարարի տեղակալը: