Վերնիսաժում հագուստ են վաճառում բարձրագույն կրթությամբ կանայք
14 տարի է՝ ամեն շաբաթ, կիրակի Վերնիսաժի իր 2 մետրանոց տարածքում զանազան իրեր է վաճառում Լարիսա Գուլիյանցը։ Երկու դիպլոմ տանը դրած` նա ստիպված է օրվա հացը վաստակել առևտրի միջոցով։
«1989 թվականին Բաքվից եկել են Հայաստան։ Այնտեղ Մոսկվայի համալսարանի մասնաճյուղն եմ ավարտել. սննդի ոլորտի մասնագետ եմ։ Երբ եկանք, շատ թանկ գնով գնեցինք մեր տունը։ Էժան էին ասում. 8000 դոլար, հենց իմացան՝ փախստական ենք, դարձրին 18.000»,-պատմում է նա
Մեկ մետր տարածքի համար այստեղ, ասում է՝ 300 դրամ են վճարում։
«Պայմաններն ահավոր են։ Շոգ, ցուրտ, միշտ նստած ենք այսպես դրսում։ Կուզեինք, որ փակ տարածք լիներ, որտեղ կվաճառեինք։ Մենք ոչ ոքի չենք դիմել, քանի որ դա անիմաստ է»,- ասում է նա։
Վաճառքից Լարիսան գոհ չէ. «Հիմա ընդհանրապես չի վաճառվում։ Օրինակ այսօր մի դրամապանակ եմ վաճառել 300 դրամով։ Ամերիկյան ջինսեր եմ երեկ վաճառել՝ համարյա նոր էին, ընդամենը 2000 դրամով։ Մեր շարքը շատ էժան է վաճառում, բայց գնող շատ քիչ կա»։ Վաճառվող իրերի մի մասը նա սեփական տնից է բերում, մնացածը գնում է ժամանակ առ ժամանակ տարածքում ամերիկյան կամ այլ շորեր վաճառող մարդկանցից։ Լարիսան ընտանիք չունի։ Այս պահին ամենակարևորն իր կյանքում աշխատանքն է, որն, ասում է՝ չկա Հայաստանում. «Ամաչում եմ, որ մեծ կին, պետք է փողոցում ամբողջ օրը կանգնեմ՝ շոր վաճառեմ»։
Հարևանությամբ ավելի քան 10 տարի նույնպիսի իրեր վաճառող Գայանե Ղազարյանը նույնպես դժգոհ է։ Երեք բարձրագույն կրթություն ունի։ «Երաժշտականն եմ ավարտել, մանկավարժ եմ, նաև՝ Աշխատանքի և շինարարական օրենսդրություն բաժնում եմ սովորել»,-ասում է նա։ Շեշտում է, որ նախկինում լավ աշխատանք է ունեցել։ «25 տարի Էրեբունու շրջանում կադրերի բաժնի պետ եմ աշխատել։ Եկել եմ հիմա փողոցում կանգնել, սրա, նրա մուննաթը քաշելով, շոր եմ վաճառում, ինչա երկու կոպեկ փող աշխատեմ, որ ապրեմ։ Բա սա երկիրա՞, սա երկիր չի, ավերակա»,-զայրանում է նա։
Օրական մեկ, երկու իր վաճառելը հաջողություն է համարում, բայց այդպես հազվադեպ է պատահում։ «Առևտուր չկա, մարդ չկա։ Դե Հայաստանում էլ մարդ չի մնացել։ Մենակ մնացել են իմ նման անճարները։ Մի կտոր հացի համար ամբողջ օրը գալիս ենք ստեղ կանգնում՝ սրա, նրա հետ էլ կռվում ենք, ինչա 2000, 3000 դրամ փող աշխատենք, հաց առնենք։ Հայաստանում 25-ից 63 տարեկանները պետքա գնան մոստից կախվեն։ Հավաքարարի աշխատանք էլ սկի չեն տալիս։ Ես հիմա 59 տարեկան եմ, ո՞նց ապրեմ»։
Նա չի հիշում, թե երբ է վերջին անգամ խանութ կամ տոնավաճառ գնացել՝ իր համար հագուստ գնելու։ «Իմ համար էստեղից եմ կոշիկ, շոր առնում, դե էժանա, դրա համար։ 10 տարիա՝ չգիտեմ, թե տոնավաճառն ինչ բանա»։
Գայանեն նույնպես միայնակ է ապրում։ Ափսոսում է, որ ավելի երիտասարդ տարիքում չի մեկնել այլ երկիր։ «Ես չորս պատս բռնել, պահում եմ, չեմ ուզում գնամ։ Բայց պետքա շուտ գնացած լինեի...»։