Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը մտածելու թեմա ունի (տեսանյութ)

Հասարակություն
saqunc

Արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների դեպքերը շատ են, սակայն դրա վերաբերյալ չկան վիճակագրական տվյալներ: Տեղեկատվություն հնարավոր է ստանալ միայն միջազգային կազմակերպությունների միջոցով: Այդպիսի մի զեկույց անցյալ տարի հրապարակել էր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, որտեղ ներկայացված էին Սոչիում աշխատող շինարարների իրավունքների խախտումների դեպքերին: Կազմակերպությունը 190 աշխատողի հետ հարցումներ անցկացնելու միջոցով վեր էր հանել առկա խնդիրերը: Այդ մարդկանցից էր նաև հայազգի Դեմիրճյանը, ով անհավանական ծեծի ու կտտանքների էր ենթարկվել ոստիկանության բաժանմունքում, իրականում, սակայն, քրեական գործ հարուցվել էր հենց նրա նկատմամբ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը չունի պետական քաղաքականություն՝ արտասահմանում գտնվող իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար. «Հայաստանի Հանրապետության՝ իր քաղաքացիների իրավունքներն արտերկրում պաշտպանելը կարծես սահմանափակվում է միայն անձնագրում դրա մասին նշումով: Մենք բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, օրինակ՝ Հրաչյա Հարությունյանի դեպքում, որ պետությունը հարկ չի համարում անգամ արձագանքել, իշխանությունները երկչոտ կեցվածք ունեն, այս պարագայում իրավապաշտպան կազմակերպություններն ունեն անելիք՝ ՌԴ-ում գտնվող իրենց գործընկերների հետ համատեղ»: Արթուր Սաքունցն անդրադառնում է նաև երեկ Երևանի   դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետևյալ հայտարարությանը՝ «Դուք գիտեք իմ կարծիքը, ես դեմ եմ ցանկացած օրենքի, և երբ որ օրենք է լինում, ես համարում եմ, որ դա դժբախտություն է, որ մենք հարկադրված ենք օրենքով կարգավորել մեր հարաբերությունները»։ «Դպրոցներն ինքնակառավարվող մարմիններ են, հարաբերությունները պետական մարմինների հետ պետք է հիմնվեն իրավական նորմերի վրա ու վերջ: Այլ հարաբերությունները տեղ չունեն պետական մարմինների հետ հարաբերությունների ժամանակ: Հարաբերությունները տեղափոխել ոչ իրավական հարթություն՝ տենդենց է, որին մենք ականատես ենք լինում»: Պարոն Սաքունցի համոզմամբ՝ սահմանված ստանդարտների չգործելու հետևանքով է, որ կոռուպցիայի մեջ մեղադրված մարդը կարող է վերընտրվել դպրոցի տնօրեն: «Սա հենց այդ թեմաներից մեկն է, որ նախարարը պետք է մտածի չափորոշիչների մշակման մասին»,- հավելեց իրավապաշտպանը: