ԲՀԿ-ն չի մանրամասնում, թե ինչ իրավիճակի արդյունքում փոխեց իր դիրքորոշումը (տեսանյութ)
Ամիսներ առաջ Սահմանադրության փոփոխությանն ընդդիմացող և ընդդիմադիր ուժերին դրանց դեմ միասնական պայքարելու կոչեր հնչեցնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոխել է իր այդ դիրքորոշումը և առնվազն չի պայքարելու փոփոխությունների դեմ: Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը սա պայմանավորում է նոր քաղաքական իրավիճակի առաջացման հետ. «Այն ժամանակ կար երկու բևեռների առճակատման խնդիր, երկու բևեռների սրացում, և երկրում տիրում էր այլ քաղաքական իրավիճակ, և այդ քաղաքական իրավիճակում մենք ասել ենք, որ այդ պահին սահմանադրական փոփոխություններ իրականացնելը ժամանակավրեպ է: Բայց այսօր դուք ինքներդ եք տեսնում՝ քաղաքական լարվածությունը, որ տիրում էր, փոխված է և դա չենք կարող չֆիքսել: Իսկ թե երբ կուսակցությունը վերջնականապես իր դիրքորոշումը կհայտնի այս հարցի շուրջ, հայտնի կդառնա առաջիկայում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր օրակարգը ինքն է որոշում: Մենք բոլոր տեղեկանքները ուղարկել ենք մեր բոլոր տարածքային կառույցներին և սպասում ենք նաև իրենց պատասխաններին: Մինչև քվեարկության օրն արդեն հայտնի կլինի մեր կուսակցության տեսակետը»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այս օրերին եղել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում: «Մենք պատրաստվում ենք Ազգային ժողովում հանդես գալ օրենսդրական նոր նախաձեռնություններով՝ այս համայնքների բնակիչներին հարկային արտոնությունների տրամադրման, երեխաներին դպրոցական գրքերի բաժանման, տղամարդկանց զենք բաժանելու համար»,- նշում է նա: