«Երևան-Ջազ»-ը դուրս կգա միջազգային շուկա (տեսանյութ)
Սեպտեմբերի 17-19-ը Երևանում կայանալու է «Երևան Ջազ Ֆեստ 2015» միջազգային փառատոնը, որին մասնակցելու են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի համաշխարհային ճանաչում ունեցող ջազ երգիչներ ու նվագախմբեր, ինչպես նաև արդեն հիմնադրվել է հայկական ջազ ասոցիացիան: Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վազգեն Ասատրյանի խոսքերով՝ 2006թ-ից հետո Հայաստանում միջազգային ջազ փառատոն չի եղել: Վազգեն Ասատրյանը նաև նշում է. «Պետք է այս փառատոնը դուրս գա միջազգային ասպարեզ, պետք է ամբողջ աշխարհը ճանաչի սա, և մասնավորապես որոշեցինք, որ «Երևան- Ջազ» անունը լինի, ինչպես օրինակ Վիեն-Ջազ, Մոնղոլ-Ջազ, Կանն-Ջազ, Թբիլիսի-ջազ ֆեստիվալ։ Այս անունները հնչում էին, բայց Երևան-Ջազ անունը չէր հնչում: Դրա համար ստեղծվեց այս ասոցիացիան, որով բոլոր արվեստագետները, բոլոր ջազմեններն ու երգիչները կլինեն մեջը: «Մեցցո Պրոդաքշն»-ի և ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի կատարած աշխատանքի շնորհիվ ֆրանսիական Մեցցո հեռուստաալիքը ներկայացնելու և գովազդելու է «Երևան-Ջազ» փառատոնը, որը շատ մեծ ու կարևոր հանգամանք է մեզ համար, այսինքն՝ դուրս ենք գալիս միջազգային շուկա »: Համերգները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Տոմսերի արժեքը սեպտեմբերի 17-ի և 19-ի համար լինելու է սկսած 3000 դրամից մինչ 15000 դրամ, իսկ սեպտեմբերի 18-ի համար միայն 5000 դրամից մինչև 25000 դրամ, քանի որ այդ օրը ելույթ է ունենալու ԱՄՆ-ի Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Մանրամասները՝ տեսանյութում: