Երկրում մի հոծ զանգված գտնվում է աղքատության տիրույթում. Վ. Բոստանջյան (տեսանյութ)
Հայաստանում գների ձեւավորման մեխանիզմը որեւէ օրինաչափության չի ենթարկվում. պնդում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը. «Մեզ մոտ եկամուտների բեւեռվածություն կա։ Չափազանց փոքր թվով մարդիկ են, որ ունեն հավաքված հարստություն, իսկ մի հոծ զանգված գտնվում է աղքատության տիրույթում»։ Այս ամենի համատեքստում պարոն Բոստանջյանը զավեշտալի է համարում, որ մեր երկրում աղքատության գումարը 17.000 դրամ է կազմում. «Նորմալ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ է 2100 կկալ էներգիա: Դա բավարար է նորմալ առողջ կյանք ունենալու համար: Բայց մի ստվար զանգված, չունենալով հնարավորություններ, կարող է չապահովել այդ գիծը: Դրանով պայմանավորված՝ մենք կազմում ենք սպառողական զամբյուղը: Գների այս պայմաններում Հայաստանում նվազագույն զամբյուղը պետք է արժենա 100-120 հազար դրամ»: Անդրադառնալով դրամի արժեզրկմանը` Վարդան Բոստանջյանն ասաց, որ ցանկացած պարագայում մեր արժույթը ենթակա է խորը տատանումների, քանի որ չունի ընդգծված տնտեսություն. «ՌԴ-ում էլ ռուբլին է ցնցումների ենթարկվում, ինչի պարագայում էլ ավելի մեծ ցնցումներ են գալիս Հայաստան, և դրամը դրսևորում է այն վարքը, որը մենք տեսնում ենք»։ Հարցին, թե ԵՏՄ-ի շրջանակներում հնարավո՞ր է տեղական արտադրանքին զարկ տալ, ինչպես միշտ խոստանում է կառավարությունը, տնտեսագետը պատասխանեց. «Նախագծերը, որոնք ներկայացնում է կառավարությունը, իրապես միտված են տեղական ռեզերվների օգտագործմանը, բայց այդտեղ ևս խնդիրներ կան։ Այստեղ խանգարող հանգամանքներ ունենք, դա ազատ մրցակցության բացակայությունն է, որի պարագայում ցանկացած լավ նախագիծ դառնում է ոչինչ»,- ասաց Բոստանջյանը։ Իսկ կհաջողվի՞ արդյոք Հայաստանին ԵՏՄ-ում ներմուծող երկրից դառնալ արտահանող. «Ծանր արդյունաբերության բնագավառում՝ հանքարդյունաբերություն, կաբելագործություն, գումարած թեթեւ արդյունաբերությունը՝ կոշիկի արտադրություն, Հայաստանը ԽՍՀՄ-ում գրավում էր շատ բարձր դիրքեր: Հայերն իրենց ուղեղի, շնորհքի շնորհիվ առաջատար դիրքեր են կարողանում գրավել: ԵՏՄ-ում էլ կարող ենք»: