ՁՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՁԵՌՔԵՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Լուրեր մարզերից
Սյունիքի մարզում անընդմեջ տեղացող ձյունն արդեն մի քանի օր է` անհանգստության պատճառ է դարձել թե վարորդների եւ թե հետիոտների համար: Ճանապարհները դժվարանցանելի են, ըստ այդմ մեքենա վարել կամ առավել եւս քայլել հեշտությամբ չի հաջողվում:
Չնայած այն փաստին, որ համապատասխան մարմինների աշխատանքային խմբերը հունվարի 26-ի կեսօրին արդեն գործի էին անցել, այնուամենայնիվ վարորդների ու անցորդների շարքերում դժգոհություններ կային: Հատկապես դժգոհ են դեպի գյուղեր գնացող ավտոբուսների վարորդները: Ըստ Բռնակոթ գյուղ երթեւեկող ավտոբուսի վարորդի` գյուղ տանող ճանապարհն ընդհանրապես մաքրված չէ ձյունից ու եթե այդ գյուղ հնարավոր է երթեւեկել, ապա մոտ 10 գյուղեր տանող ճանապարհներն անանցանելի են:
Ի տարբերություն գյուղեր տանող ճանապարհների, «Սիսիանի Սանմաքրում» ՍՊԸ-ի տնօրեն Սլավիկ Ալավերդյանի հավաստմամբ քաղաքի բոլոր ճանապարհներն ու մայթերը կմաքրվեն ու կդառնան հեշտ անցանելի:
Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ կմաքրվեն բոլոր ճանապարհները. անհրաժեշտության դեպքում անգամ ձեռքով: Ու եթե մեքենաները շարժվում են իրենց նախորդների հետագծով, ապա նույնը չի կարելի ասել անցորդների մասին, որոնք քայլում են գրեթե ձյան կամ էլ մերկասառույցի վրայով:
ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐ, ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
«Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերությունը սպասարկում է Երեւան-ԳորիսՄեղրի ճանապարհի 51.4 կմ, Սիսիան Դաստակերտ, մայրուղի-ԱնգեղակոթՇաղատ հանրապետական նշանակության ճանապարհահատվածները: Անընդմեջ տեղացող ձյան պատճառով մայաքաղաքի հետ Սյունիքի մարզը կապող ճանապարհին բավականին հաստ ձյունաշերտեր են առաջացել, որոնք դժվարացնում են ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը:
Ճանշին ՍՊԸ-ի աշղեկի տեղեկատվությամբ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մեքենաների խցանումներ, ճանապարհին մնացած մարդկային հոծ խմբեր գրեթե չեն եղել, դժբախտ պատահարներ եւս չեն գրանցվել: Ճանշին ընկերության գլխավոր ինժեներ Ռենե Ամիրխանյանի խոսքով ճանապարհները, թեեւ դժվարանցանելի, բայց երթեւեկելի են: Ռենե Ամիրխանյանը նշում է, որ ճանապարհները ձյունից մաքրելու համար մինչ այսօր ընկերությունը ծախսել է ավելի քան 5-6 մլն դրամ:
Մայրուղին երթեւեկելի դարձնելու նպատակով օգտագործվում են ողջ հնարավորությունները: Այս օրերին մայրուղում աշխատողների թիվը 18ն է` 4 շլաքացան — 7 ձյունմաքրիչ մեքենաներով: Աշխատողներն աշխատում են գիշեր ու ցերեկ, որովհետեւ անընդհատ պետք է վերահսկել իրավիճակը, վստահեցնում է աշղեկը, քանի որ ըստ նրա, տեղումներն առատ են, ինչն էլ պարտավորեցնող է:
Այս օրերին երբ ճանապարհները ծածկված են ձյան հաստ շերտով, ընկերությունը գործի է դրել իր ողջ տեխնիկան, մարդիկ էլ շատ դեպքերում աշխատում են առանց հերթափոխի:
ՄԱՀԸ ՎՐԱ Է ՀԱՍԵԼ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄԻՑ
Երեկ առավոտյան 52 ամյա Ժդանիկ Գեւորգյանին սեփական բնակարանում մահացած են գտել: Ըստ Սյունիքի մարզի Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի Ժդանիկ Գեւորգյանը, որ բնակվում էր քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հանրակացարանում, հանկարծամահ է եղել, ամենայն հավանականությամբ մահը վրա է հասել հոսանքահարումից եւ նա ընկել է ինքնաշեն էլեկտրական ջեռոցի վրա, հարեւաններն այդ մասին իմացել են բավականին ուշ երբ արդեն հրդեհի ծուխը պատել է ողջ հանրակացարանը:
Դեպքի մանրամասները քննում է Սյունիքի մարզի Սիսիանի դատախազությունը: Մահվան հաստակ պատճառները պարզ կդառնան 1-2 շաբաթից: Հանգուցյալի ներքին օրգաններն ուղարկվել են Երեւան` լաբորատոր հետազոտման:
«Սյունի» հ/ը