Պլյուշենկոն էլ է ակնկալում ՀՀ կառավարության աջակցությունը (տեսանյութ)
«Առաջին անգամ չեմ Հայաստանում, 2008 -ին երկու շոու արեցինք այստեղ: 20 տարի է՝ աշխատում եմ իմ լավ ընկեր պրոդյուսեր Արի Զաքարյանի հետ, հայ ընկերներ շատ ունեմ, համակրում եմ հայերին ու պատրաստ եմ օգնել այստեղ գեղասահքի դպրոց բացելու ծրագրին։ Դրա համար առաջին հերթին կառավարության աջակցությունն է պետք, սակայն պետական մոտեցում այս հարցին չեմ տեսնում, ցավոք: Գեղասահքը և ընդհանրապես ձմեռային սպորտաձևերը զարգացնելու համար համապատասխան հրապարակներ են պետք»,- կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն երկօրյա այցով ժամանել է Երևան լրագրողների հետ հանդիպման: Ասենք, որ մի քանի տարի առաջ Եվգենի Պլյուշենկոյի անունով մարզահամերգային համալիրում գեղասահքի մարզադպրոց պիտի բացվեր, որն այդպես էլ անկատար մնաց: Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանում աննախադեպ սառցե շոու, որին կմասնակցեն գեղասահքի արքաներ օլիմպիական չեմպիոններ Եվգենի Պլյուշենկոն, Իրինա Սլուցկայան, ակրոբատ գեղասահորդը Սերգեյ Յակիմենկոն, ում գլխապտույտ չմուշկներով ցատկը ավտոմեքենայի վրայով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ի դեպ այն խոսակցությունները, որ վնասվածքի պատճառով Եվգենի Պլյուշենկոն մտադրություն ունի թողնել մեծ սպորտը, գեղասահորդը հերքեց և ասաց որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2018-ի Օլիմպիական խաղերին: