«Մնային, չխռովեին, չհեռանային». ո՞ւմ խոսքերն է հիշել Մարգարիտ Եսայանը (տեսանյութ)
«Գալիս է մի պահ՝ հոգնում ես ինքդ քեզնից, հեռանալ ես ուզում, նշանակում է՝ մեջդ այլևս կյանք չկա: Տղամարդ եմ ասել, որ դիմանա: Էնքան ընկերներ ունեինք, որ դրսում դարձել են քննադատ, մնային աշխատեին, վարչապետ էին, Պաշտպանության նախարար էին, Անվտանգության գլխավոր խորհրդական էին, ինչ ասես՝ էին, մնային, չխռովեին, չհեռանային: Գիտե՞ս՝ խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ: Մենք ուրիշ ելք չունեինք, մնացել եմ, մնում եմ, աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն: Կտեսնես, որ այս երկիրը կարգին, ուժեղ, մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում»,-ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ ամբիոնից հնչեցրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը:: Տիկին Եսայանը շեշտեց, որ այսօր հիշողության օր է, բայց այս խոսքերը պետք է ամեն օր հիշել: Հետո նա սահուն անցում կատարեց իր կուսակցության ղեկավարի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: «Երկրի գլխավոր օրենքը երկրի զարգացման նոր տեսլական է գծում: Եվ շատ կարևոր է, որ քաղաքացին հասկանա, թե ի՞նչ նպատակով է փոխվում երկրի գլխավոր օրենքը: Կարծում եմ՝ հասել է ժամանակը, որ կարող ենք այո ասել, քանի որ մեր ժողովուրդը կարող է իրեն թույլ տալ պետականության ամրապնդման հաջորդ աստիճանին բարձրանալ»,-նշեց տիկին Եսայանը: