Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անբարոյական կլինի պեղումները կիսատ թողնելով ճանապարհ կառուցելը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
4ou7LdVj7HM

«Թե կառուցելու չլինեին ճանապարհը, դամբարանադաշտը, փաստորեն, կենցաղային ու շինարարական աղբի տակ այդպես էլ թաղված կմնար»,- ասում է պեղումների արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը: «Հյուսիս - Հարավ» ճանապարհային ծրագրի Արգավանդի մայրուղի- Շիրակի փողոց միացնող հատվածը, պետք է անցնի Կարմիր բլուր հնավայրի տարածքով: 2013-ին ուսումնասիրվեց նախատեսվող ճանապարհահատվածի հնագիտական շերտը, և այստեղ բացվեց ուրարտական շրջանի գերխիտ դամբարանադաշտ: Կարմիր բլուրի միջնաբերդը, որի պեղումները 1939 թվականից իրականացրել էր Էրմիտաժի թանգարանի այն ժամանակ տնօրեն Բորիս Պիատրովսկու ղեկավարած արշավախումբը, այսօր գտնվում է անմխիթար վիճակում, չնայած որ ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում: Պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են: Տարիների ընթացքում հնավայրի մի մասը որն այսօր պեղվում է, ծածկվել էր աղբով, մյուս մասն էլ, այդ թվում՝ դամբարանադաշտի մի հատվածը, դարձել էր Շենգավիթ վարչական շրջանի գերեզմանատուն: Դամբարանների հետազոտությունը անխոս կհարստացնի մեր տեղեկությունները ուրարտական Ռուսա 2-րդի հիմնած Թեյշեբաինիի մասին և կբացահայտի, թե ովքեր են ապրել Կարմիր բլուրի տարածքում: «Ուրարտուն կայսրություն էր, և պետք է ունենար էթնիկ բազմազանություն», -ասում է պեղումներին մասնակցող անթրոպոլոգ Արմեն Մարտիրոսյանը: Սա արդեն կպարզվի լաբորատոր ուսումնասիրությունների ժամանակ:  Դամբարանները նոր տեղեկություններ կտան նաև ուրարտական շրջանի թաղման ծեսերի մասին: Դամբարաններում հայտնաբերված գտածոները մաքրվում են, չափագրվում, լուսանկարվում, և տեղափոխվում լաբորատորիա: Սա կանխարգելիչ հնագիտության նախադեպ է, երբ բախվում են «զարգացումն ու պատմությունը»:  Ընթանում է պեղումների երրորդ փուլը: Ըստ ամենայնի կպահանջվի ևս մեկ պեղումնային սեզոն, սակայն շինարարությունը նախատեսված է սկսել արդեն մյուս տարվա սկզբին: Ժամանակը սուղ է և հնագետներն անում են անհնարինը, որ փորձեն հասցնել պեղումներն ավարտել մինչև տարեվերջ, այլապես, Ուրարտական դամբարանադաշտի չպեղված մասը կմնա կառուցվող ճանապարհի տակ: