«Նկարեցի աղջիկ ու տղա, որոնք բռնությունից դուրս են» (տեսանյութ)
Մերժելով բռնությունը՝ պետք է ապահովել երեխաների բարեկեցությունը: Հենց սա է ցանկացել իր նկարով փոխանցել Աբովյանից Լաուրա Պետրոսյանը. «Նկարեցի աղջիկ ու տղա, որոնք բռնությունից դուրս են, որ նրանք կապույտ երկնքի տակ են, արեւ է նրանց գլխի վերեւում, բնության գրկում են»։ Այսօր երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է: ԵՊՀ-ի բակում «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ ՀԿ-ները ներկայացնում են երեխաների ստեղծագործական աշխատանքները: «Ընտանիք եւ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Առաքելյանն ասում է` այսպիսով իրենք իրենց ձայնն են բարձրացնում երեխաների հանդեպ բռնության դեմ ու այո ասում՝ երեխաների բարեկեցությանը: Կարեւոր է համարում այն, թե ինչպես կանխարգելել, ինչպես վաղ հայտնաբերել, ինչպես բռնության ենթարկված երեխայի հետ վերականգնողական աշխատանքներ կատարել. «Քանի որ սոցիալական խնդիր է, պետք է այս ամենով զբաղվեն սոցիալական աշխատողները: Կարիք կա, որ համայնքներում ունենանք սոցիալական աշխատողներ, մասնագետներ, ծառայություններ, ովքեր կաջակցեն ընտանիքներին: Կան ՀԿ-ներ, որոնք ծառայություն են մատուցում ընտանիքներին, երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ կան, երեխաները ստանում են սոցիալական-հոգեբանական աջակցություն: Բայց այս կենտրոնների թիվը բավարար չէ, ի վերջո մենք ունենք 915 համայնք եւ այսպիսի ծառայություններ բոլոր համայնքներում չի, որ կա»,- ասում է «Ընտանիք եւ համայնք» հասարակական կազմակերպության նախագահը եւ հավելում` պետությունը պետք է տեր կանգի այս խնդրին։