ԴՊՐՈՑԸ ՏԱՔԱՑՎՈՒՄ Է ՓԱՅՏՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՁմեռային մեկուկես ամսյա արձակուրդից հետո դպրոցներում փետրվարի 13-ից սկսվել են դասերը: Սիսիանի թիվ 3 միջն. դպրոցը ձմռան ցուրտ ամիսներին ջեռուցվում է վառելափայտի միջոցով: Դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի խոսքով` վառելափայտը կբավականացնի մինչեւ ջեռուցման շրջանի ավարտը` դասասենյակներում տաք եւ կայուն ջերմաստիճան ապահովելու համար:
Թիվ 3 միջն. դպրոցը քաղաքում միակ դպրոցն է, որ ջեռուցվում է փայտով: Իսկ փայտի վառարանները դժվար է օգտագործել` ծխից ու մրից ամբողջությամբ զերծ մնալով:
Դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի խոսքով` բացակայող աշակերտները մեծ թիվ չեն կազմում: Բացակայությունները հիմնականում երեխաների հիվանդության հետ են կապված:
Նաիրա Ներսիսյանի խոսքով մոտակա ժամանակներում Համաշխարհային բանկի եւ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ թիվ 3 միջն. դպրոցում կկառուցվի ցանցային ջեռուցման համակարգ:
Սիսիանի «Սյունի» Հ/Ը
ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՑԵԼ Է
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ Գավառում շուրջ 2 տարի գործում է բարեգործական ճաշարան՝ 60-ն անց միայնակ ծերերի եւ կենսաթոշակառուների համար:
Ճաշարանը շաբաթական 5 օր, օրը 1 անգամ սպասարկում է 120 կարիքավորների: Ծայրահեղ աղքատությունից դրդված` ճաշարան այցելելու ցանկություն են հայտնում նաեւ երիտասարդ ընտանիքները, որոնք աշխատունակ են, բայց չունեն աշխատանք: Նշենք, որ ճաշարանի ստեղծման առաջին ամիսներին շահառուների թիվը շատ քիչ էր, իսկ այժմ գնալով ավելանում է:
Առայժմ նախատեսված է, որ այս ծրագիրը Գավառում կգործի մինչեւ 2013 թվականը: Հետագայում ծրագրի շարունակությունը կախված է աղքատության ցուցանիշներից:
Գավառի «Քյավառ»Հ/Ը