Հայազգի երիտասարդը պարում է համաշխարհային աստղերի հետ
«Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում գտնվում: Առաջին անգամ այստեղ եմ եղել, երբ դեռ 4 տարեկան էի: Ես Հայաստանը շատ եմ սիրում, իմ ընտանիքն այստեղ է ապրում և սա իմ հայրենիքն է»,- ասում է հայազգի ճանաչված և պրոֆեսիոնալ պարող , ամերիկաբնակ Գևորգ Մանուկյանը: Վերջինս Հայաստան էր եկել «Սառույցի թագավորները» շոու-ծրագրում ելույթ ունենալու համար, որը պետք է կայանար նոյեմբերի 20-ին, սակայն հետաձգվեց: Գևորգ Մանուկյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի աստղերի հետ , ինչպիսիք են Փինկը, Ուիթնի Հյուսթոնը, Նելլի Ֆուրտադոն և այլք: «Նրանց հետ աշխատելը ինձ համար դժվար չէ , նրանք բոլորն էլ շատ բարեհամբույր ու հասարակ մարդիկ են: Որևէ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել, հակառակը ՝ նրանք քեզ ոգևորում են ու աջակցում: Շատ էի ուզում պարել նաև Մայքլ Ջեքսոնի հետ, ավաղ , չհասցրեցի»,-ասաց Գևորգը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցերին, թե արդյո՞ք նման աստղերի հետ աշխատելը իր համար բարդ է եղել և վերոնշյալներից զատ, ու՞մ հետ ամենաշատը կցանկանար համագործակցել: Գևորգ Մանուկյանը նկարահանվել է ֆիլմերում, գովազդներում, մասնակցել է տարբեր շոուների: «Իմ պարային կարիերան սկսվել է 17 տարեկանից, երբ առաջին անգամ մասնակցեցի ամերիկյան « So you think , you can dance » ծրագրին , մինչ այդ ես պարային կրթություն չեմ ունեցել: 5 տարի է արդեն, որ նաև զբաղվում եմ գեղասահքով: Իմ ծնողները գեղասահորդներ են»,- ասաց Գևորգը և հավելեց. «Իմ ժողովրդի առջև հանդես գալը մի փոքր ավելի պարտավորեցնող է և պատասխանատու: Շատ էի ուզում այստեղ մի այնպիսի բան անել, որ բոլորը հիացած լինեին, սակայն տեսանք, թե ինչ եղավ, բայց անհամբեր սպասում եմ մարտի 5-ին անելու այն, ինչը չստացվեց նախօրեին»: Նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է տեղի ունենար «Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը, որը սակայն հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով, քանի որ ծրագրում ընդգրկված էին Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնք Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չէին կարող ելույթ ունենալ: Կազմակերպիչների վստահեցմամբ՝ համերգն, անպայման, կայանալու է 2016թ-ի մարտի 5-ին: