Կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը Հայաստանում աճել են (տեսանյութ)
Նոյեմբերի 25-ը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է: Այդ կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը եւ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի հոգեբան Լիլիթ Հայրապետյանը խոսեցին Հայաստանում կանանց հանդեպ բռնության վիճակագրության, աջակցման մեխանիզմների, օրենսդրական եւ հոգեբանական խնդիրների մասին: Աննա Հովհաննիսյանը, ներկայացնելով կանանց իրավունքների կոալիցիայի վիճակագրությունը, նշեց, թե բռնությունների թիվն աճել է: «2015 թվականի ինն ամիսներին արձանագրվել է ընտանեկան բռնության 517 դեպք: Համաձայն կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ամփոփ տվյալների՝ տարեկան ունենում ենք շուրջ երկու հազար ընտանեկան բռնության ահազանգ, որոնց մեծ մասը կանանց նկատմամբ է՝ իրենց ամուսինների եւ սկեսուրների կողմից,-ասաց նա՝ հավելելով.- Նաեւ ոստիկանության տվյալները եթե նայենք, 2014-ի համեմատի համեմատ 2015 թվականին ավելացել է բռնությունների թիվը: Օրինակ, 2014-ին դրանց թիվը եղել է 530, սակայն այս տարվա միայն առաջին ամիսներին այդ թիվը 517 է»: Աննա Հովհաննիսյանը նշեց, թե Երեւանից եւ մարզերից զանգերի հարաբերակցությունը 50/50 է: «Մարզերից գերակշռում են Գեղարքունիքը, Լոռին եւ Արմավիրը: Երեւանից շատ են զանգահարում, քանի որ Երեւանում տեղեկատվությունն ավելի հասանելի է, մարդիկ ավելի իրազեկ են, չեն ամաչում դիմել աջակցության»: Բանախոսները նշեցին, որ միակ ուժային կառույցը ոստիկանությունն է, որին բռնության ենթարկված կինը կարող է դիմել, սակայն այսօր բռնության շատ դեպքեր քրեորեն պատժելի արարքներ չեն համարվում, եւ շատ հաճախ բռնության ենթարկված կանայք մնում են անպաշտպան: Աննա Հովհաննիսյանը նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանության մի շարք ՀԿ-ներ կանանց նկատմամբ բռնության մասին հատուկ օրենք են մշակել եւ ներկայացրել ԱԺ, սակայն հանձնաժողովի կողմից մերժում են ստացել: Ըստ այդ օրենքի՝ պետությունը պարտավորվում էր հոգ տանել բռնության ենթարկված կանանց մասին, նրանց տրամադրել կեցության վայր եւ այլն: Վաղը երթով նրանք նորից փորձելու են իրենց առաջարկը հանձնել պետական մարմինների ներկայացուցիչներին: