ՆԳՆ-ն արտաբյուջետային բանկային հաշիվ կբացի
Աջակցիր «Ա1+»-ինՆերքին գործերի նախարարությունը Հայաստանում գործող առևտրային բանկերից մեկում կբացի արտաբյուջետային բանկային հաշիվ։ Այդ իսկ հիմքով նախագիծ է ներկայացրել Կառավարության հերթական նիստի օրակարգում։
Կառավարություն ներկայացված նախագծով նախատեսվում է, որ այն օգտագործվելու է բացառապես անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման հետ կապված՝ դրամական միջոցների ընդունման և «Պետություն- մասնավոր գործընկերության մասին» պայմանագրի համապատասխան տնօրինման նպատակով։
Միաժամանակ նախատեսվում է, որ հաշվի միակ հաշվետերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է։ Հաշվից ելքերը կարող են կատարվել միայն պայմանագրով նախատեսված կարգով՝ բացառապես երկու ուղղությամբ՝ մասնավոր գործընկերոջ հաշվեհամարին կամ գանձապետական միասնական հաշվին։
Իսկ առեւտրային բանկի ընտրության թափանցիկությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել առաջարկների գնահատման չափանիշներ, որոնց հիման վրա նախարարությունը կընտրի առավել շահավետ առաջարկ ներկայացրած բանկը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ի եւ «Հայփաս» ՓԲԸ-ի միջև 25.04.2025թ կնքվել է «Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ» պետություն մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակներում պետական տուրքերի հավաքագրման, համապատասխան դրամական միջոցների առանձնացված հաշվառման վճարումների կատարման պայմանագիր։