Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ-ով հիվանդին հիվանդանոցում վերջինն են հետազոտել (տեսանյութ)

Հասարակություն
nkarrrrrrrrrrrrrrrr

Մի քանի հասարակական կազմակերպություն համախմբվել և միասին պահանջում են երկրում ընդունել Խտրականության մասին օրենքը։ Այդ օրենքով պետք է ազգային, սեռական փոքրամասնությունների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց, ու ընդհանրապես՝ ցանկացած անձի հանդեպ խտրական մոտեցումը վերահսկվի ու նաև՝ պատժվի։ «Վերջին երեք տարվա ընթացքում խտրականության դեմ պայքարով ենք զբաղվում։ Ծրագիր ենք իրականացրել մայրաքաղաքում և մարզերում՝ վեր հանելու այս խնդիրը։ Եվ նշեմ ողջունելի մի փաստ, որ մեր ծրագրին մասնակցություն են ունեցել նաև մարզպետարանների աշխատակիցներ, այսինքն՝ պետական կառույցներից էլ հետաքրքրություն կա այս խնդրին»,-ասաց «Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Նա վստահեցրեց, որ իրենք պայքարում են ոչ թե արատավոր երևույթների շատացումը խրախուսելու, այլ խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելու համար։ Իսկ խտրականության դրսևորման ի՞նչ դեպքեր են հաճախակի հանդիպում մեր երկրում. «Օրինակ ՄԻԱՎ-ով հիվանդ անձը հետազոտության է գնացել, նրան երկար սպասեցրել են՝ մինչև հատուկ սարքի միջոցով ստուգում իրականացնեն։ Բոլոր մյուս այցելուներին հետազոտել են, և վերջում միայն այդ մարդուն։ Բժիշկը պատճառաբանել է, թե կարող էր վարակ անցնել մյուս հետազոտվողներին։ Սա անգրագետ մոտեցում է, քանի որ բժիշկը մասնագետ լինելով՝ չի հասկանում, որ վարակ չի կարող անցնել այդ ձևով։ Շատ այլ դեպքեր էլ կան»,-իր հերթին նշեց «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը։ Իրավաբան Հասմիկ Հարությունյանն էլ անդրադարձավ դատական գործերին, երբ հաճախ անարդար որոշումներ են կայացվում. «Չունենք օրենքը, որի պատճառով դատավորները՝ չունենալով անհրաժեշտ հիմքը, մերժում են շատ հայցեր կամ սխալ որոշումներ են կայացնում»։