Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող անձը պետք է ապրի հավասար`հավասարների մեջ

Հասարակություն
artem

Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ  Հարգելի բարեկամներ, Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհը նշում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը:  Այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը հիշի, որ մեր կողքին ապրում են  սահմանափակ կարողություններով անձինք, ովքեր ունեն նույն իրավունքները, ինչ հասարակության յուրաքանչյուր անդամ  և գիտակցի, որ միայն մատչելի միջավայրն ու իրավունքների իրացման  հնարավորությունները  կարող են հիմք հանդիսանալ  հասարակության լիարժեք անդամ դառնալու համար: Այսօր մեր երկրում սոցիալական, տնտեսական  և մշակութային ոլորտներում իրենց իրավունքերն իրացնելու ճանապարհին սահմանափակ կարողություններով անձինք հաճախ են բախվում  խոչընդոտների,  և սա ազդակ է գիտակցելու, որ ոլորտում դեռ անելիքներ կան: Այս խնդիրն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում որպես  գերակայություն,  և մեր պետությունը հետևողականորեն աշխատում է խտրականության դրսևորումներն ու հասարակության մեջ յուրաքանչյուրի լիարժեք ներգրավումն ապահովելու ուղղությամբ: Զբաղվածության ապահովումը հասարակության մեջ լիարժեք ներառման լավագույն և կարճ ուղին է և առաջնորդվելով այդ սկզբունքով՝ պետության կողմից նախաձեռնվել են ծրագրեր, որոնք փորձում են աջակցել և կանգնել հաշմանդամություն ունեցող անձանց կողքին: Քվոտայի պարտադիր կիրառման պահանջը պետական և մասնավոր կառույցներում, զբաղվածության պետական ծրագրերն այսօր ձեռք են մեկնում հաշմանդամություն ունեցող անձանց և ապահովում  նրանց զբաղվածությունը: Խնդրի լուծման հարցում էական ձեռբերում կլինի  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի ընդունումը, որի նախագծի մշակմանը մասնակցել են նաև  հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրենքի նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսում է նոր քաղաքականության ներդրում, որն առաջին հերթին ուղղված է լինելու հավասար հնարավորությունների, մատչելի միջավայրի ստեղծմանը: Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ պատկան մարմիններին, մեր համաքաղաքացիներին հորդորում եմ հետամուտ լինել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Պետք է հիշել, որ անգամ ամենալավ օրենսդրության ու ծրագրերի պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն, եթե հասարակությունն ու յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերի սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձը պետք է ապրի  հավասար` հավասարների մեջ:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին