ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզային վիճակագրության գործակալության Սիսիանի բաժանմունքի տվյալներով, ըստ 30 արդյունաբերական ձեռնարկություններից ստացված հաշվետվությունների, 2005թ. Սիսիանի տարածաշրջանում ընթացիկ գներով թողարկվել է 206 մլն 800 հազար դրամի արդյունաբերական արտադրանք, որից իրացվել է 204.5 մլն դրամի արտադրանք:
2004թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 89.6 տոկոս: 2005թ. ավելացել են հացի արտադրության ծավալները: Չնայած նվազել են քարի արտադրության ծավալները, այնուամենայնիվ, մեծ ձեռքբերում է համարվում այն, որ քարի վերամշակման 2 արատադրամաս իրենց արտադրանքը արտահանում են Ռուսաստանի Դաշնություն:
Սիսիանի ալրաղացը անցյալ տարի առաջին անգամ սկսել է արտադրել նաեւ ձավարեղեն` ընդհանուր արտադրանքը հասցնելով 296 տոննայի: Շինարարության բնագավառում 2005թ. Սիսիանի տարածաշրջանում իրականացվել է 563.8 մլն դրամի կապիտալ շինարարություն, որից 38 մլն դրամի շինարարական աշխատանքների պատվիրատուն Հայավտոճանշինն է եղել, 319.4 մլն դրամի պատվիրատուն` Սյունիքի մարզպետարանը, 200.1 մլն դրամինը` Տրանսպորտի եւ Կապի նախարարությունը:
Նախորդ տարի աշխուժություն է նկատվել տրանսպորտի բնագավառում: 2005թ. ընթացքում ըստ վիճակագրական տվյալների ավելացել է տաքսի ծառայություն իրականացնող փոխադրամիջոցների թիվը, սկսել են գործել նաեւ երթուղային տաքսիներ:
Սիսիանի «Սյունի» հ/ը