Թիրախում լրագրողներն են (տեսանյութ)
«Հետք» ինտերնետային պարբերականի փոխխմբագիր Լիանա Սայադյանն արդեն չի հիշում, թե սահմանադրական հանրաքվեին հաջորդած երեք օրերի ընթացքում ո՞րերորդ զանգն է ստանում իրավապահներից: «Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում և առաջին բանը, որ անում են խմբագրության դիմելն է: Նյութերի մեծ մասում աղբյուրները նշված են, ենթադրենք՝ ինֆորմացիա կա, որը հաղորդել է դիտորդը, մեզ դիմելու փոխարեն լավ կլիներ գնային դիտորդի մոտ»,- ասում է նա: Այս օրերին իրավապահները գրություններ են ուղարկում գրեթե բոլոր լրատվամիջոցներին: Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը զարմանում է՝ հնարավոր հանցագործության մասին հրապարակում անելուց հետո լրագրողը պետք է այլևս անելիք չունենա, հերթը իրավապահներինն է: «Բյուջեից միջոցները իրենք են ստանում, իշխանություն, լիազորություններ իրենք ունեն այդ հետաքննությունները կատարելու: Ըստ երևույթին՝ ուզում են իրենց գործը մենք անենք»,- նշում է պարոն Բարսեղյանը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը արձանագրվել են լրագրողների իրավունքների մեկ տասնյակից ավելի խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։ Լևոն Բարսեղյանը Սահմանադրության նոր նախագիծն ամեն գնով անցկացնելու իշխանությունների ցանկությամբ է բացատրում լրագրողների նկատմամբ վերաբերմունքը: «Բոլոր այն տեղամասերում, որտեղ ներդրված էին կոնկրետ հանցագործներ, կրկնահանցագործներ, որպեսզի այդ կեղծիքները անեին, ամեն ջանք ներդրեցին, որպեսզի խափանեին կամ չեզոքացնեն քաղաքացիական վերահսկողությունը»: Հետքի թղթակից Դիանա Ղազարյանը ևս տուժած լրագրողներից է: Արաբկիրի 5/28 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արթուր Խուրշուդյանը հափշտակել էր նրա համակարգիչը: «Մոտեցավ, որ կարդա, թե ինչ եմ գրում, ես ասեցի՝ կգնա՞ք այն կողմ: Տեսա, որ մտնում է համակարգչիս մեջ, որ կարդա, համակարգիչս դեպի ինձ հրեցի, ինքը՝ բա խի չես թողնում՝ կարդամ: Ասեցի՝ ես իմ աշխատանքն եմ կատարում, նա համակարգիչս փակեց ու դուրս եկավ»,- հիշում է թղթակիցը: Միայն ոստիկանների ժամանելուց հետո է հանձնաժողովի նախագահը վերադարձրել լրագրողի համակարգիչը: Դեկտեմբերի 8-ի դրությամբ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել 6 դեպքի մասով: Լրագրողները ժպիտով են մեկնաբանում այս փաստը։ Նրանք դժվարությամբ են մտաբերում դեպքեր, երբ իրավապահները բացահայտում են լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը: «Քաղաքական կամք չկա լրագրողների նկատմամբ բռնությունները բացահայտելու: Եթե լինի նման հրահանգ՝ լրագրողներին չխոչընդոտել, լրագրողներին չխանգարել, կարծում եմ այդպիսի գործողություններ չեն էլ լինի»,- նշում է Լիանա Սայադյանը: Իսկ գլխավոր դատախազության կայքում մի քանի էջ տեղեկատվություն է, թե գլխավոր դատախազությունը կարգադրել է ստուգել հոդվածում նշված հանգամանքները… Դա նշանակում է, որ լրագրողներին սպասվում են իրավապահներից նոր զանգեր, գրություններ ու այցեր։