Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով դատարանը որոշում չի հրապարակել
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր էլ չի հրապարակել 2013 թ հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործով Արտակ Բուդաղյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Դատարանից նրա պաշտպան Հայկ Ալումյանին հայտնել են, որ առաջնահերթությունը տրվել է կալանավորված անձանց եւ անորոշ ժամանակով հետաձգվել է նիստը: Սակայն դատարանից տեղեկացրել են, որ մինչեւ տարվա վերջ որոշումը կհրապարակվի: Գնդապետ Արտակ Բուդաղյանը իր վերաքննիչ բողոքում պահանջում է արդարացնել իրեն: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 120 հազար դրամի չափով: Սակայն կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու ԱԺ որոշումը, նրան ազատել էր պատիժը կրելուց: Հիշեցնենք, որ 2013 թ հունիսի 1-ին՝ Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ: Կրակոցների արդյունքում քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, գործով միակ մեղադրյալն է: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու հոդվածով: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանի մյուս եղբայրը՝ Արա Բուդաղյանը, մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու համար: