Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավական է պետությունը թույլ տա շնչել, մարդիկ կծաղկեցնեն այս երկիրը». Ծովինար Նազարյան

Հարցազրույց Քաղաքականություն
71

«Ա1+»-ի այս խորագիրը պատմում է հայ հասարակության ուժեղ կանանց մասին, ովքեր իրենց պայքարող ոգու եւ կամքի շնորհիվ կարողացել են կարծրատիպեր կոտրել եւ ինչ-որ բան դեպի լավը փոխել:Այս անգամ շարքի հերոսուհին քաղաքացիական ակտիվիստ, լրագրող Ծովինար Նազարյանն է, ով թեեւ ամուսնությունից հետո տեղափոխվել է Բելգիա, սակայն շարունակում է ակտիվորեն հետեւել Հայրենիքում կատարվող գործընթացներին: Նա Հայաստան է ժամանել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ, եւ մեզ հետ զրույցում կիսվեց իր դիտարկումներով: Ինչպե՞ս կգնահատեք դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: Դեկտեմբերի 6-ին իշխանությունը փորձեց կեղծել հերթական համազգային քվեարկությունը: Նրա նպատակն էր իր ապօրինի, բռի ու բռնի քաղաքական վարքագիծը ամրագրել սահմանադրությամբ, բայց հասարակության մեջ շատ ավելի մեծ ընդվզում երեւաց, քան շատերս կարծում էինք: Դրա ապացույցն այն է, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն եղել է, «ոչ»-ը հաղթել է: Պիտի մեծապես գնահատվի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը ներառեց մի քանի ՀԿ, եւ նրանք ջանքերը համատեղելով, կարողացան իշխանության կեղծիքների փորձերը խափանել: Ցավոք, ընտրական տեղամասերի մեծ մասում հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները Հանրապետական էին կամ Հանրապետական կուսակցությունից սնվող մարդիկ, նույնիսկ ընդդիմության տեղերն էին զբաղված, եւ քաղաքական ուժերը չկարողացան լիարժեք վերահսկողություն ապահովել: Դիտորդները շատ դեպքերում միայնակ էին մնացել իրենց պայքարում: Ընտրախախտումներ շա՞տ եք արձանագրել: Ես ուղեկցում էի միջազգային դիտորդական մի խմբի, որը կոչվում է «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմ», եւ շրջում էինք տեղամասերով: Մոտ վեց տեղամասում եղանք: Հատկապես Խարբերդի 16 /42 տեղամասում ընտրախախտումների «փառահեղ որս» արեցինք: Այստեղ ընտրախախտումների գրեթե բոլոր ձեւերը մենք տեսանք: Հենց սկզբից, երբ ներս մտանք, մի մարդ շատ սիրալիր ողջունեց մեզ: Պարզվեց՝ գյուղապետն էր: Հարցրեցի՝ իսկ ի՞նչ եք անում ընտրատեղամասում, ասաց, թե եկել է քվեարկության, բայց անձնագիրը մոռացել է: Հետո նա արագ հեռացավ՝ այդպես էլ անձնագրով քվեարկելու չվերադառնալով: Մեր հաջորդ նկատած խախտումն առանց պլոմբի քվեատուփն էր ժամը 10:20-ի դրությամբ: Ես լուսանկարեցի դա, եւ մինչ նոթատետրս հանում էի, որ գրառում անեմ, հանձնաժողովի նախագահը երեք վայրկյանում պլոմբները քաշեց տուփերի վրա, իսկ հետո պնդում էր, թե իսկզբանե վրան են եղել: Հետո ներս մտավ մի տղամարդ. մի ծեր կնոջ ու տղամարդու էր բերել, եւ ասաց՝ էս պառավներին խաբեցի, բերեցի, տեսեք՝ ինչ եք անում: Այս նույն ընտրատեղամասում ես նկատեցի, որ հանձնաժողովի անդամը կնիք դրեց անձնագրում, որում արդեն կնիք կար: 6 Լուսանկարի հեղինակ՝ Վարդինե Գրիգորյան   Արդյո՞ք բարձրաձայնված ընտրախախտումները, որոնց մի մասին ընթացք է տրվել, կարող են փոխել հանրաքվեի արդյունքները: ԱՄՆ դեսպանատան եւ Եվրամիության հայտարարություներում կասկածների կողքին դրվում է «վստահելի» ածականը: Նրանք հորդորում են, որ լուրջ հետաքննություն լինի, եւ եթե իրոք լուրջ եւ թափանցիկ քննություն լինի, այս հանրաքվեի արդյունքներից ուղղակի փոշի չի մնա:Բայց իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի քննությունը եւս կեղծեն եւ արդեն անում են: Պարտված «այո»-ների հետ կապված բողոքներով հեղեղում են, որպեսզի հերթ չտան «ոչ»-ի բողոքներին: Կարծում եմ՝ հանրաքվեն պետք է նորից կայանա, չեղյալ հայտարարվեն դեկտեմբերի 6-ի քվեարկության արդյունքները, այլապես դրանք չեն կարող լեգիտիմ համարվել: Այնուամենայնիվ, եթե հանրաքվեի արդյունքները մնան անփոփոխ, եւ ներդրվի կառավարման նոր համակարգը, ի՞նչ է սպասվում Հայաստանին, ըստ Ձեզ: Անգամ առանց մասնագետի օգնության, կարդալով եւ համեմատելով շատ դրույթներ, ես ինքս համոզված եմ, որ տվյալ սահմանադրական կարգը վտանգ է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարության ու անվտանգության համար: Կառավարման համակարգն այնպես է փոխվում, որ լինելու է միակուսակցական համակարգ, ինչպես Խորհրդային միության տարիներին: Մարդու իրավունքներից անջատվել են սոցիալական եւ աշխատանքային իրավունքները, որոնք բացարձակ պաշտպանված չեն: Ինձ վրդովեցրեցին այն դրույթներ,որոնցով պետությունն իր ուղղակի պարտավորությունները դնում է քաղաքացու վրա: Օրինակ, նշված է՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի արժանապատիվ ծերության իրավունք, եւ ընտանիքը պարտավոր է ապահովել այդ ծերությունը, այն ինչ՝ դա պետության պարտավորությունն է: Շատ կարեւոր մի դրույթ կա անմեղության կանխավարկածի եւ այն մասին, որ քաղաքացին պարտավոր չէ ապացուցել իր մեղքը: Այս դրույթը հանվել է, եւ փոխարենը կետ առ կետ շարադրված է, թե քաղաքացին ինչպես պետք է պաշտպանի իր անմեղությունը: Այսինքն՝ մարդը անպաշտպան է լինելու, մարդուն ստիպելու են ապացուցել, որ ինքը արջ չէ: Որո՞նք եք համարում ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները Հայաստանում: Նախ, մարդկանց ազատ տնտեսական գործունեության հնարավորությունը, մենաշնորհների վերացումը, ապակենտրոնացումը: Մայրաքաղաքի կենտրոնն է միայն զարգացած: Երբ հայերը հայտնվում են արտասահմանում, շատ հաջողակ բիզնեսմեն, ուսանող են դառնում: Սա ցույց է տալիս, որ նրանց ուղղակի հարկավոր են բարենպաստ պայմաններ: Բավական է պետությունը ոչ թե օգնի, այլ գոնե թույլ տա,որ մարդիկ շնչեն, նրանք իրենց ձեռքով ուղղակի կծաղկեցնեն այս երկիրը: 2 Լուսանկարի հեղինակ՝ Անի Գեւորգյան Մի քանի տարի շարունակ Դուք պայքարում էիք Ձեր եղբոր՝ Արտակ Նազարյանի մահվան գործով արդար դատավարության համար, եւ, ի վերջո, դիմեցիք Եվրոպական դատարան: Ի՞նչ նորություններ կան այդ մասով: Այո, դիմել ենք Եվրադատարան, բայց իմ մտավախությունն այն է, գործի քննությունը կարող է շատ ուշանալ, քանի որ այս տասը տարիների ընթացքում ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տարին միայն մեկ բողոք է ներկայացրել, եւ դրա համար այդ բազմաթիվ բողոքները գնացել եւ կուտակվել են:Ես կարծում եմ, որ Եվրադատարանը միանշանակ խախտումներ կարձանագրի: Դրանք այնքան բացահայտ էին, որ անզեն աչքով էին նկատելի: Նախաքննության ժամանակ սցենարը գրեցին, մենք փորձեցինք գոնե դատարանում այլ փաստեր ներկայացնել, բայց դատարանը մերժում էր մեր բոլոր միջնորդությունները: Առաջին յոթ դատերը Բերդում էին նշանակված: Չորս ժամ գնում էինք կոտրված ճանապարհով, բայց նիստերը չէին կայանում: Կարծում էին՝ կհոգնենք, բայց նրանք մեզ չէին ճանաչում: Մեզ շատ էին փորձում խաբել, վարկաբեկել մեր փաստաբաններին, իրենց մարդկանց էին ուղարկում, որ մեզ համոզեին, մեր ականջը լցնեին իրենց վարկածով: Գլխավոր վկային թաքցնելու համար կարծեմ ինը պետական կառույց էր ներգրավված: Ասում էին, թե արտասահմանում է, բայց երբ մենք դիմեցինք ԱԱԾ՝ խնդրելով ներկայացնելով նրա շարժը, պաշտոնական պատասխան ստացանք, որ նա Հայաստանի սահմանը չի հատել:Իսկ դատարանի վճիռն ամբողջության նախաքննության մեղադրական եզրակացության քոփի փեսթն էր: 1 Ի՞նչ եք կարծում, որոնք են այն նախադրյալները, որոնք կարող են ստիպել մարդկանց պայքարել իրենց իրավունքների համար: Մարդը պետք է ունենա արժանապատվության զգացում եւ, առաջին հերթին, իր մասնագիտության առաջ: Պարտադիր չէ, որ մարդը պաստառներով դուրս գա ցույցերի: Տեսեք, հիմա Ազատության հրապարակում ինչքան քիչ են մարդիկ, բայց որքան շատ էին «ոչ» ասողները: Սա նշանակում է, որ հարթակի նկատմամբ կա որոշակի վերապահում, վստահության պակաս: Մարդը ինքն իր«ոչ»-ը ասում է, բայց չի ուզում հետեւել հարթակից իրեն կոչ անողներին: Քաղաքական ուժերը պետք է մտածեն այս մասին եւ փոխեն իրենց վարքագիծը, հետո նոր մեղադրեն 5 հազար դրամ վերցնողներին: Գյուղում ապրող մարդուն, որը «ոչ»քվեարկելով կամ ընդվզելով կարող է դառնալ գյուղապետի թիրախը, եւ իր կյանքը դժոխքի վերածվի, ես չեմ կարող մեղադրել, իմ ակնկալիքն ավելի շատ նրանցից է, ովքեր ունեն ռեսուրսներ, գործիքներ, փորձ,պատրաստվածություն եւ նկրտումներ՝ փոխելու ինչ-որ բան, ավելացնելու իրենց մարդկային ռեսուրսները:Եթե մարդը 5 հազար դրամը վերցնում է, անճարությունից է վերցնում, դա չի նշանակում, որ նա Հանրապետական կուսակցության հետեւորդ է, դա նշանակում է, որ նա չի հավատում այդ կուսակցությունը, այսինքն՝ քո պոտենցիալ թիմակիցն է ու բախտակիցը: Հայ մարդը շատ պրակտիկ է, երբ որ հնարավորություն չի տեսնում, ինքը իրեն հարվածի տակ չի դնում: Այս հասարակության ընդվզումը լինում է այն ժամանակ, եթե ռեալ ուժ է տեսնում: Զրուցեց Շուշան Շատիկյանը