Հայրենական արտադրության կոսմետիկա՝ «EXPO Beauty 2015»-ին
Սիրիահայ Շանթ Խայալյանն արդեն 2 տարի է Հայաստանում զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ:
«Սարքում ենք յուղերը մեկ ու կես ամսվա ընթացքում, ստանում ենք յուղերը, ոչ ճնշմամբ, գոլորշու ձեւով, այլ բնական թորման ձեւով: Նույն յուղերը օգտագործում ենք օճառների մեջ, չենք ավելացնում մեջը ոչ մի ավելորդ բան, նույն ձեւով սարքում ենք նաեւ շամպունները; Շամպունների մեջ կա քացախ, աղ սոդա, կոկոսի կաթ»,- այսօր «Ա1+»-ին ներկայացրեց նա:
Շանթ Խայալյանը նշում է, որ երբ սկսել են արտադրությունը, 4 տեսակ են արտադրել, իսկ հիմա ունեն 12 տեսակի շամպուն, 10 տեսակի օճառ, 12 տեսակի յուղ:
Առաջիկայում պատրաստվում են արտադրել նաեւ տղամարդկանց սափրվելու համար փրփուրներ:
Չի հերքում, որ սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված առեւտրի ծավալները նվազել են:
Շանթ Խայալյանը, ինչպես նաեւ 61 այլ ընկերությունների ներկայացուցիչներ, մասնակցում էին այսօր «EXPO Beauty 2015» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն էին ՝ բուժական և դեկորատիվ կոսմետիկա, հիգիենիկ պարագաներ, ոսկերչական զարդեր, գեղեցկության սրահներ, ֆիթնես ակումբներ, ինչպես նաեւ դեկորատիվ ու կիրառական արվեստի նմուշներ:
«Նաիրիան» կոսմետիկան էլ այցելուներին առաջարկում էր բնական օճառներ, կրեմներ, խոնավեցնող քսուքներ:
«Կիտրոնի եւ ռեհանի օճառը իր մեջ պարունակում է եթերային յուղեր, շատ լավ օգնում է բշտիկների դեմ, իսկ եթե մաշկը ունի սեւ կետիկներ, շատ լավ մաքրում է, օգնում է, որպեսզի նորից չկուտակվի ծակոտիների մեջ: Բացի դրանից, այս եթերային յուղը, որն օգտագործվում է այս օճառի մեջ, լողանալու ժամանակ տաք ջրի մեջ ինգալյացիայի դեր է կատարում եւ հանգստացնում է հազը»,- ասաց «Նաիրիան» կոսմետիկայի աշխատակիցներից Ադան:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 14-ը: