Սահմանամերձ բնակավայրերի համար կազմակերպված աճուրդը կայացավ (տեսանյութ)
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» ֆեյսբուքյան խումբն այսօր ամփոփեց բարեգործական աճուրդի արդյունքները: Սոցցանցում շուրջ երկու շաբաթ ընթացող աճուրդը, որին ներկայացված էին բացառապես ձեռքի աշխատանքներ՝ ինչպես նախաձեռնող խմբի անդամների, այնպես էլ անհատ ստեղծագործողների գործերը, այսօր ամբողջությամբ սպառվեց:
Ֆեյսբուքյան էջում տեղադրված յուրաքանչյուր ձեռագործ աշխատանք ներկայացված էր մեկնարկային գնով, որն այնուհետեւ աճուրդի սկզբունքներով օգտատերերը 100-ական դրամով կամ ավելի մեծ գումարով բարձրացնում էին:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սուրեն Էյրամջյանը՝ դեկտեմբերի 19-ին մեկնելու են Այգեձոր, որտեղ նախատեսում են Ամանորյա միջոցառում. «Միջոցառմանը կմիանան Չինարի գյուղի երեխաները: Մեզ հետ արդեն 3-րդ անգամ կլինի Երեւանի Տիկնիկային թատրոնը՝ այս անգամ «Անխելք մարդը» ներկայացմամբ: Կլինի նաեւ Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, նվերներ»:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» խումբը ձեւավորվել է անցած տարի եւ ինչպես իրենք են ասում ՝ մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից, որոնք, գիտակցելով սահմանների ամրության կարևորությունը, նպատակ ունեն տարբեր միջոցներով իրականացնել սահմանամերձ բնակավայրերի բնակչության նյութական, հոգևոր և բարոյահոգեբանական աջակցությունը:
