«Ջերմ օջախ»-ը մատչելի վարկեր է տրամադրում ընտանիքներին (տեսանյութ)
Մեր երկրում մեկնարկել է «Ջերմ օջախ» սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը՝ իրականացվող Ազգային հիպոթեքային ընկերության կողմից: Ծրագրին միջոցները տրամադրվում են Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից: Ծրագրի շրջանակում ցանկացած ընտանիք կարող է ստանալ մինչև 5,5 մլն դրամ գումարի չափով երկարաժամկետ մատչելի վարկեր՝ 11-14 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Արդեն իսկ 22 ընտանիք ստացել է դրամաշնորհ: «Պետք է շտապել, որովհետև գրանտի համար տրամադրված միջոցները 700.000 եվրոյին համարժեք դրամ է և այդ միջոցների սպառման խնդիր կա: Ովքեր շուտ դիմեն վարկավորմանը և գրանտերին, շահելու են»,-այսօր նշեց Ազգային հիպոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը: Նա նաև շեշտեց, որ ծրագիրն անուղղակիորեն աջակցում է էներգախնայող նյութեր և սարքավորումներ արտադրող և վաճառող տեղական գործարարներին: ««Ջերմ օջախ» ծրագիրը հնարավորություն է տալիս կրճատել էներգիայի ծախսերը սակագների շարունակական աճի պայմաններում, ստեղծել հարմարավետ կենսապայմաններ, նաև՝ նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի վերարտադրմանը»,-իր հերթին նշեց «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Արա Նազինյանը: Ծրագրի այն վարկառուները, ովքեր վերանորոգման արդյունքում կապահովեն էներգաարդյունավետ նյութերի ձեռքբերման կամ վերանորոգումից ակնկալվող էներգախնայողության սահմանված պահանջները, կարող են ստանալ դրամաշնորհ՝ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով: Այն տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից, փոխանցվում է վարկառուների վարկային հաշիվներին՝ նվազեցնելով վարկի ընթացիկ մնացորդը: Ի դեպ՝ եթե վարկը որևէ անձ չի օգտագործում նպատակային, ԱՀԸ-ն իրավասու է ամբողջ գումարը ետ պահանջել նրանից: