Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ հանձնաժողովը չի ուսումնասիրում բանանի շուկան. վախենում է «Քեթրին»-ից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Menashnorh-nkarrrr

«ՀՀ օրենսդրությամբ մենաշնորհների առկայությունը չի բացառվում, բացառվում է և չի թույլատրվում մենաշնորհ ունեցող կազմակերպությունների դիրքի չարաշահումը: Իսկ չարաշահման դեպքերը տարբեր կարող են լինել»,-այսօր ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա վստահ է, որ այս խնդիրը կլուծվի նոր սահմանադրության մեջ առկա՝ այս հարցին վերաբերող փոփոխություններով: «ԱՊՀ տարածքում Հայաստանն ունի մոնոպոլիզացված տնտեսություն: Հիմա նոր սահմանադրությունը լուծո՞ւմ է գերիշխող դիրքի չարաշահման խնդիրը, թե՞ ոչ: Չի լուծում: Ի՞նչն էր խանգարում նախկին սահմանադրությամբ արգելել գերիշխող դիրքի չարաշահումները: Բանանը Մոսկվայում այժմ արժի 60 ռուբլի, որը դրամով 420 դրամ է, Երևանում բանանն արժի 870 դրամ: ԵՏՄ անդամ դառնալուց հետո եթե մենք բերում ենք բանանը, մաքսատուրք չենք վճարում, այդ բանանը, բոլոր ծախսերը հաշվի առնելով, կվաճառվի առավելագույնը  550 դրամով: Ինչո՞ւ է հիմա 870 դրամ»,-հետաքրքրվեց «Հայկական ժամանակ» կայքի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը: «Ինչո՞ւ»,-ինքն էլ հարցրեց պարոն Այվազյանը: «Որովհետև մի ներկրող կա՝ «Քեթրին» ընկերության Միհրանը ԴԱՀԿ-ի: Ինչո՞ւ դրա դեմը չենք առնում: Ինչո՞ւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի ուսումնասիրում բանանի շուկան: Վախենում է «Քեթրին»-ից, այ դրա համար էլ չի ուսումնասիրում»,-շեշտեց տնտեսական մեկնաբանը: «Հիմա թե վախենում է, ուշքը գնում է, ես իր հոգեբանական խնդիրների հետ կապ չունեմ:  Ես չեմ ասում չկա, կա շուկայում մենաշնորհ, կան գերիշխող դիրք ունեցողներ: Հիմա մեխանիզմ ենք մշակել, որ դա չչարաշահվի»,-ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ նշեց, թե շուկաներ ունենք, որ բնական մենաշնորհ իրենք իրենցից չեն ներկայացնում, բայց դրանք արդեն հնարավոր էլ չի լինելու մենաշնորհային դիրքից հանել: «Վերցնենք շաքարավազը. օրենսդրությամբ այնպես է սահմանված, որ Հայաստան մտնող մաքուր շաքարավազն ավելի բարձր մաքսատուրքով է հարկվում, քան ռաֆինացվածը: Ու մեզ մոտ ձևակերպվում է, որ շաքարավազը պոլուֆաբրիկատ բերվում է, մշակվում է և զրոյական մաքսատուրքով հետո վաճառվում է: Այսօր շաքարի համար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը պետության կողմից օրենսդրորեն ստացել է մենաշնորհ դիրք»: Տնտեսագետը վստահ է, որ խնդիրը ոչ թե օրենսդրությունն է, այլ դրա կիրառումը. «Նախկին սահմանադրության մեջ նշված էր, որ մեր դատարաններն անկախ են: Սրանից որոշ ժամանակ առաջ մի քաղաքացի մոտենում է Սերժ Սարգսյանին, ասում է՝ դատարանն անկախ չի, նա ասում է՝ հնարավոր է: Ասում է՝ սահմանադրությունը կփոխենք ու դատարաններն անկախ կլինեն: Այսինքն, նախկին սահմանադրությունը դա պետք է ապահովեր, բայց նորմը չէր աշխատում»: ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Սերժ Սարգսյանը 8678 անգամ ասել է, որ դատարաններն անկախ են: Ինչո՞ւ եք դուք միայն այդ ասածը հիշում: Սերժ Սարգսյանին կարող է հարցադրումը տվել են, նա այդպես պատասխանել է, չմոռանանք, որ նա առաջին հերթին մարդ է: Սահմանադրությունը հնարավորություն է, տնտեսական մենաշնորհի հարցում ես տվել եմ մեխանիզմը, որ կիրառեք»: