Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուզենայի ունենալ պատգամավոր, որի համար չէի ամաչի». Մանե Թանդիլյան

Հարցազրույց Քաղաքականություն
glxavor

«Ա1+»-ն իր հատուկ խորագրում շարունակում է ներկայացնել քաղաքացիական հասարակության ակտիվ կանանց: 2015 թվականի մեր վերջին հարցազրույցի հերոսուհին մասնագիտությամբ հաշվապահ Մանե Թանդիլյանն է, ում կհիշեք «Դեմ եմ» քաղաքացիական շարժումից: Մանե, ինչպե՞ս շարքային հաշվապահից դարձաք քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ: Միշտ մտածել եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, անի այն հնարավորինս լավ եւ իր քաղաքացիական պարտքը կատարի այդ ձեւով՝ իր աշխատանքում չխախտելով երկրի օրենքները, կանոնները, եւ փորձի ուղղակի լինել օրինավոր քաղաքացի: Սակայն ամեն ինչ սկսվեց տրանսպորտի սակագնի բարձրացումից: Թեեւ ես ինքս չեմ երթեւեկում տրանսպորտով, բայց ես շատ լավ հասկանում էի, թե որքան վնաս կարող է տալ մի ընտանիքին անգամ 50 դրամի տարբերությունը: Այս անհանգստությունն ինձ իսկապես հասկացրեց, որ երբ ես զբաղված եմ միայն իմ գործով՝ իմ ընտանիքով, աշխատանքով եւ իմ ուսմամբ, կան հարցեր, որոնք այդպես էլ մնում են չլուծված, որովհետեւ կան մարդիկ, ովքեր դեռ 50 դրամի խնդիր ունեն, իսկ մեր պետական այրերը, կարծես, չեն էլ տեսնում: Եվ ես իմ պարտքը համարեցի իմ մասնակցությամբ օժանդակել՝ գնալով ակցիաների, ցույցերի: Հետո երբ կենսաթոշակայինի մասին օրենքը մուտք գործեց մեր իրականություն, եւ ես, որպես հաշվապահ, իմ ընկերների շրջապատում պատմում էի, կիսվում իմ մտահոգությամբ, հասկացա, որ աշխատակիցները կարիք ունեն, որպեսզի իրենց բացատրվի, որ իրենց աշխատավարձից գումար է պահվելու: Մենք ընկերներով թիմ կազմեցինք եւ սկսեցինք լուրջ աշխատանքներ տանել: Ի վերջո, օրենքը փոփոխվեց ոչ ամբողջությամբ: Ես հասկանում եմ այդ մարտավարությունը, որն իշխանությունները կիրառեցին՝ փորձելով թուլացնել շարժումը, այլ ոչ թե հասկանալ խնդրի բնույթը եւ լուծում տալ դրան: m1 Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը բողոքի ակցիաներից հետո որոշ չափով փոփոխվեց, եւ այսօր մասնավոր սեկտորի աշխատակիցներից գումար չի պահվում, բայց 2017 թվականին օրենքը կրկին ուժի մեջ է մտնելու: Ի՞նչ եք պատրաստվում անել այդ ժամանակ: 2017 թվականին ես պետք է հասկանամ՝ արդյոք կա՞ նույն ցասումը, ինչ որ կար 2014-ին: Մենք արհեստական շարժում չէինք ստեղծել: Ես անձամբ գիտեի, որ մեծ ցասում կար եւ բողոք մարդկանց շրջանում: Եթե դա երեք տարի հետո չլինի, արհեստական աղմուկ չենք բարձրացնի: Բայց ես շատ հետեւողական եմ այս հարցում, քանի որ համարում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները շատ անհրաժեշտ են մեր երկրին՝ լինելով ապագային միտված ծրագիր, բայց այն պետք է ավելի նրբանկատորեն հաշվարկված լիներ: Էլ չեմ խոսում այն մասին, որ պետք է առաջարկվեր այն կառավարության կողմից, որն ունի ժողովրդի վստահությունը: m2 Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչը կդրդի մարդկանց կրկին դուրս գալ բողոքի: Մարդը մի էակ է, որն ուզում է սուրճ խմել, հանգստանալ, զրուցել եւ իր կյանքը հաճելի միջավայրոմ անցկացնել, այսինքն՝ փողոցում պայքարելու ցանկությունն ամեն օր չէ, որ կարող է լինել: Կա մի քանի պարագա, երբ մարդն իսկապես որոշում է անցնել լուրջ պայքարի: Առաջինը կնշեմ իրավագիտակցության ընկալումը եւ դրա համար մեծ աշխատանքը, որը պետք է տանել, որպեսզի մարդը հասկանա, որ իրեն ուղղակի ուզում են թալանել եւ նա թույլ է տալիս: Դա նույնն է, թե դուք տանը նստած լինեք, եւ ինչ-որ մեկը գա, վերցնի ձեր բաժակն ու գնա: Հետո ի՞նչ, որ այն թանկարժեք զարդ չէ, ուրեմն կարո՞ղ է վերցնել: Թասիբի եւ արժանապատվության զգացողություն է պետք ունենալ: Մեր պետության մեջ այսօր արժանապատիվ քաղաքացիների պակաս կա, մեր քաղաքացիները կարծես խեղճացած են, հարմարվող, մյուս կողմից՝ ճնշումների են ենթարկվում, տեղեկացված չեն կամ այնքան կենցաղային խնդիրներ ունեն, որ այդ մի բաժակն իրենց գործը չէ: Շատ դժվար է մարդկանց այդ վիճակից հանել, իսկապես մեծ աշխատանք կա տանելու եւ մարդկանց հասկացնելու, որ եթե դու չես պայքարում քո բաժակի համար, վաղը քո թանկարժեք զարդն են տանելու: Պետք է ուղղակի հասկանալ, որ քո պայքարով քո երեխայի ապագան ես կերտում: Այսօրվա մեր քայլերը բնորոշում են մեր վաղվա կյանքը: Մեր քաղաքացիները արժանի են ունենալ լավ Հայաստան: m3 Վերջերս Դուք նշանակվել եք «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա պայքարը՝ հաշվի առնելով այն, որ «Դեմ եմ»-ի անդամները մշտապես պնդել են չքաղաքականացնել իրենց քայլերը: Ես երբեւէ չեմ հակադրի քաղաքացիական պայքարը քաղաքականին: Երբ մենք ասում էինք՝ մի քաղաքականացրեք, նկատի ունեինք, որ որեւէ քաղաքական ուժի մենք չենք սատարում, բայց պարզ է, չէ՞, որ պայքարի բնույթը քաղաքական էր, քանի որ օրենք էինք փոխում: Ես փողոցում էլ եմ պայքարելու, «Լուսավոր Հայաստանի» կազմում էլ: Դա ոչ միայն կարելի է համատեղել, այլեւ դա շատ ավելի արդյունավետ կլինի: Ես նախկինում որեւէ քաղաքական կառույցով կամ գործիչով չեմ հետաքրքրվել, անգամ շատերի անունները չգիտեի, բայց մի բան ինձ համար ակնհայտ է, որ մարդիկ որեւէ քաղաքական ուժի չեն վստահում: Եվ երբ մի քիչ սկսեցի ճանաչել նրանց, ես հասկացա, թե ինչու: Ինչպե՞ս վստահես մի քաղաքական ուժի, որի ներկայացուցիչը եւ ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն է, լսես նրա մտքերը եւ ամաչես: Ես ուզում եմ, որ Ազգային ժողովը լինի ՀՀ քաղաքացիների ընտրյալների տեղը: m4 Շուտով մուտք կգործենք նոր տարի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016 թվականից: «Լուսավոր Հայաստանը» 2016 թվականին պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաեւ 2017 թվականի ԱԺ ընտրություններին: Ինտենսիվ տարի է մեզ սպասվում՝ լի մարտահրավերներով: Մաղթում եմ, որ գալիք տարին բոլորիս համար արդյունավետ եւ լավ տարի լինի, ու մենք անցնենք վերջապես նոր փուլ, որտեղ քաղաքականությունը կլինի մարդկանց կյանքը բարելավելու գործիք, այլ ոչ թե մի տեղ, որտեղ մարդիկ դերերով, տեղերով փոխվում են իսկ քաղաքացու կյանքում որեւէ բան չի փոխվում: Քաղաքական ուժերը որեւէ կերպ չպետք է այլեւս կտրված լինեն ժողովրդից: Մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն արժանի է ունենալ լավագույն պետությունը: Այո, մենք մեր պատմության մեջ վատ էջեր ենք ունեցել, եւ այդ ամենը ստվերել է պետականության մասին մեր պատկերացումները: Բայց հիմա մենք դա պետք է թողնենք անցյալում եւ հիշենք, որ այն եզակից ազգերից ենք, որը եսիմ որ դարից եկել, հասել է այստեղ, երբ բոլոր տրամաբանություններով պետք է արդեն չլինեինք: Բայց մենք կանք, մենք ունենք մի կտոր Հայաստան, եւ բոլորիս պարտքն է այն հզորացնել:   Զրուցեց Շուշան Շատիկյանը