Զոհված զինծառայողների ծնողները փնտրում են դատավորին (տեսանյութ)
Ի՞նչ պատժի կարժանան այն ոստիկանները, որոնք 2015 թվականի մայիսի 13-ին, նախագահական նստավայրի դիմաց բողոքի գործողություն իրականացրած զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրեցին: Հարցի պատասխանը ծնողներն այսօր փնտրում էին Վճռաբեկ դատարանում: Աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումն անարդյունք էր: «Ինքը լսեց մեզ ու ասեց, որ ոչնչով չի կարող օգնել: Եթե ոչնչով չի կարող օգնել, ուրեմն ինչու է իջել ներքև՝ մեզ հետ հանդիպելու»,- ասում է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: Նրանց նկատմամբ բռնության գործով դատավճիռը Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը պետք է հրապարակեր հունվարի 11-ին: Նիստից րոպեներ առաջ են միայն ծնողերը տեղեկանում, որ գործով դատավորը տեղափոխվել է մեկ այլ դատարան ու վճիռն այդ օրը չի հրապարակվի: Իսկ թե ո՞վ և երբ պետք է նրանց տեղեկացնի վճռի մասին, ծնողները որոշեցին Վճռաբեկ դատարանի այլ պաշտոնյաներից պարզել: Հրմշտոց սկսվեց կարգադրիչների ու ծնողների միջև: Աղմուկից ներքև է իջնում նույն շենքում տեղակայված Դատական դեպարտամենտի ղեկավար Տիգրան Փոլադյանը, ով համաձայն է, որ դատական նիստի չկայանալու մասին ծնողները պետք է տեղեկացվեին գրավոր: Վերջիններս էլ հետաքրքրվեցին՝ ո՞վ և ե՞րբ պետք է կարդա դատավոր Արմեն Խաչատրյանի՝ այս գործով արդեն կայացրած վճիռը: Ըստ Փոլադյանի՝ պետք է նոր դատավարություն սկսվի: Իսկ դեռևս 2015-ի հուլիսի 7-ին զոհված զինծառայողների մայրերը դիմել են Սերժ Սարգսյանին, խնդրանքով, որ նրա միջամտությամբ վերանայվեն զոհված որդիների մահվան գործերը: ՀՀ նախագահի աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնից ծնողները տեղեկացան, որ նրանց դիմումն ուղարկվել է Ազգային ժողով, որտեղից էլ նրանք պետք է պատասխան ակնկալեն: Իսկ թե դիմումն ինչ ճակատագրի է արժանացել օրենսդիր մարմնում, ծնողերը պատասխան չստացան: