Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոց»-ի պատմությունն ինձ համար մի մութ անտառ է»

Հասարակություն
cbfd168d80c8f219a490830c8acbe68b

«Մենք այսօր մտածում ենք, թե ինչպես «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը պաշտպանենք պետությունից»,-այսօր հայտարարեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ վստահեցնելով, որ քաղաքապետարանը իրավունք չուներ թույլտվություն տալ կոնցեսիոներին՝ շենքի էստակադան ապամոնտաժելու համար. «Քննարկումներից հետո հնարավոր է էստակադան քանդել: Քանդելուց առաջ մենք պետք է իմանանք` արդյունքում ինչ է ստացվելու, ինչ աշխատանքներ են տարվելու: Կոնցեսիոները պետք է վերցներ օգտագործման ու 30 տարի հետո նույնությամբ վերադարձներ, ոչ թե հայտարարեր, թե այն սպառել է իրեն: Այս շենքը մեծ արժեք է, այն մի ծխախոտի տաղավար չի, որ խանգարի, վերցնեն քանդեն»: Մկրտիչ Մինասյանը փորձել է հանդիպել կոնցեսիոների ճարտարապետների հետ, հարցը քննարկելու համար, սակայն հնարավորություն չի տրվել: Ճարտարապետների միության նախագահը համոզված է՝ թեև կայացվել է էստակադայի ապամոնտաժման որոշում, սակայն փորձը ցույց է տալիս, որ առաջին քայլից հետո ապամոնտաժվում է ամբողջ կառույցը: Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նկատեց, որ այս ամբողջ գործընթացի իրավական հիմքերը հայտնի չեն. «Այս ամենը ինձ համար մի մութ անտառ է: Հայտնի չէ՝ ինչ պայմանագրեր կան, ո՞վ է տվել, ինչպե՞ս, ո՞վ է կատարել պարտականությունները, ով՝ ոչ»: Նա համոզված է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, ոչ միայն մշակութային, այլեւ պատմական արժեք է մեր երկրի համար. «Դե նրանց հետ, ում հետ բանակցում ենք, դժվար է բացատրել մշակութային արժեքը, քանի որ նրանց համար մշակութային արժեքը Աշտարակի ճանապարհի այն շքեղ տունն է, կամ արծիվներով ու առյուծներով փորագրած զուգարանի դռները, բայց չպետք է մոռանալ, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ այն դարձավ մարդասիրական կենտրոն ու կերտեց պատմության մի էջ: Վերացնել այդ շենքը, նշանակում է վերացնել մեր պատմությունը»,- համոզված է նա: