ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԹեեւ Մոսկվայում դեռեւս շարունակվում են բանակցությունները, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին վաճառելու բնական գազը, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արդեն որոշել է, որ ապրիլի 10-ից գազի գինը Հայաստանում բարձրանալու է:
Ստեղծված իրավիճակում ուշագրավն այն է, որ ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ տնտեսագետները չեն բացառում այնպիսի մի իրավիճակ, երբ բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանել ոչ թե 110 դոլար՝ ինչպես սպասվում է եւ ինչի հիման վրա սակագնի թանկացման որոշում ընդունվեց, այլ, ասենք, 95 դոլար: Դեպքերի այսպիսի զարգացման դեպքում նույնիսկ Հայաստանի բնակիչները ստիպված կլինեն առնվազն 6 ամիս գազի համար վճարել թանկացված գներով: Սա օրենքի պահանջ է, որի համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած սակագները պետք է գործեն ամենաքիչը 6 ամիս:
«Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը չդառնա 110 դոլար, Դուք եւ Ռոբերտ Նազարյանը հրաժարական կտա՞ք»,- «Հայելի» ակումբում գազի սակագնի վերաբերյալ բանավեճի ժամանակ ՀԾԿՀ նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին այսպիսի հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Ի դեպ, հարցն այդպես էլ մնաց անպատասխան: Պատգամավորը պնդում է, որ հանձնաժողովը խախտել է իր լիազորությունները եւ անհիմն որոշում է կայացրել, ընդ որում այն դեպքում, երբ թանկացման մասին նույնիսկ վերջնական պայմանագիր դեռ գոյություն չունի: Այսինքն՝ թանկացումն իրականացվել է ընդամենը ենթադրությունների հիման վրա: Հենց այս փաստով, ապրիլի 2-ին կամ 3-ին Մանուկ Գասպարյանը պատրաստվում է դիմել դատարան: Իսկ մինչ այդ նա մեկ շաբաթ առաջ նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակով ՀՀ ԱԺ պատգամավորը փորձում է ՌԴ նախագահից ճշտել, թե ինչու է միեւնույն պետությունը իր ռազմավարական գործընկերների հանդեպ կիրառում տարբեր քաղաքականություն. մեկին՝ Բելառուսին գազը վաճառում է 46 դոլարով, իսկ Հայաստանին՝ 110-ով: Մանուկ Գասպարյանը պնդում է, որ նամակն ուղարկել է ճիշտ հասցեատիրոջը, քանի որ գազի սակագնի հարցը ոչ թե «Գազպրոմ»-ի որոշելու հարցն է, այլ պարզապես քաղաքականության արդյունք: Մանուկ Գասպարյանի խոսքերով` Վլադիմիր Պուտինից նա ակնկալում է որոշակի պատասխան:
Ինչ վերաբերում է գազի սակագնի՝ որոշ գնահատումներով «ամհիմն» բարձրացման հետեւանքներին, ապա արդեն հայտնի է, որ օրինակ Հրազդանի ՋԷԿ-ը հայտ է ներկայացրել իր արտադրանքի սակագինը 90 տոկոսով բարձրացնելու համար, մնացած ՋԷԿ-երը 90 տոկոսից մի քիչ ավելի ցածր բարձրացում են ակնկալում: