Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ` ԹՎԵՐՈՎ

Տնտեսություն

2006թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 6695 գործարքներ, որոնց քանակը 2005թ. հունվարի համեմատ, աճել է 9.9%-ով: Հունվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 2801 օտարման գործարքների 88.0%-ը կազմել են առուվաճառքները, 10.9%-ը` նվիրատվությունները եւ 1.1%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36.8%-ն արձանագրվել է Երեւան քաղաքում : Մայրաքաղաքում, 2005թ. հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.4%-ով, իսկ 2005թ. դեկտեմբերի համեմատ` 35.8%-ով:

2006թ. հունվարին հանրապետության մարզերում, բացառությամբ Երեւանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գների ամսեկան աճը կազմել է 3.9%:

Ըստ Անշարժ գույքի կառավարման պետական գործակալության լրատվական ծառայության` գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւան քաղաքում 2006թ. հունվարին անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գների /ներառյալ տնամերձի միավորի գինը/ ամսեկան աճը կազմել է 2.9%:

Ընդհանուր առմամբ, 2006թ. հունվարին հանրապետությունում օտարվել են 1038.61 հա /այդ թվում` 102.01 հա Երեւանում/ ընդհանուր մակերեսով հողեր, որից 876.44 հա կազմել են գյուղատնտեսական նշանակության հողերը: Ընդ որում 1017.91 հա /այդ թվում` 101.76 հա Երեւանում/ նկատմամբ իրականացվել են առուվաճառքի գործարքներ, որից 857.57 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են: