Բժշկուհու գործով քննչական գործողությունները շուտով կսկսվեն
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից: Հիշեցնենք, որ հունվարի 23-ից մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանը հունվարի 23-ից գտնվում էր հիվանդանոցում՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: Նրան դատարանից տեղափոխել էին հիվանդանոց: «Բուժումը պետք է տանը շարունակի, քննչական որեւէ գործողություն այս 6 ամիսների ընթացքում չի կատարվել, եւ 7 օր է` դա ենք ուզում անել»,- «Ա1+»-ին ասաց Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժող հիվանդի մահ: Սակայն նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: «Էրեբունի» ԲԿ-ում նրան անմիջապես կեսարյան հատում էին արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր էր եղել, 2 օր անց նա մահացել էր: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: